երկրներ։ Տունը հանձնում է խոհարարի հսկողությանը, իսկ աղախինը Ալինայի ցանկությամբ ուղեկցում է նրան։ Նրանք գնում են նախ Մոսկվա, ապա Եվրոպա։ Սակայն ոչ մի փոփոխություն Ալինայի հոգեկան կացության մեջ, ոչ մի ժպիտ նրա դեմքի վրա։ Բժիշկները միաձայն ասում են.
— Պարոն, ձեր ամուսնուն անդորրություն է հարկավոր։ Նրա ականջներին չպիտի հասնե ոչ մի աղմուկ։
Մի քանի նշանավոր պրոֆեսորներ խորհուրդ են տալիս Ալինային տեղավորել հոգեկան հիվանդների սանատորիայում։
— Երբեք, երբեք,— ասում է Սրափիոնը, զարմանալի համառությամբ չկամենալով բաժանվել իր սիրեցյալից։
Նրանք վերադառնում են արտասահմանից, և Սրափիոնն ամեն ջանք գործ է դնում տալ Ալինային անպայման հանգստություն։ Եվ դրա համար նա վճռում է տեղափոխվել Թիֆլիս, ուր Ազովսկին երբ չունեն ոչ մի ծանոթություն։ Նա դեռ հույս ունե, որ Ալինան կառողջանա տանը…
Այս բոլորը պատմեց ինձ տանտիրուհիս այնպես զգացված, որ կարծես ինքը Ալինայի մերձավորներից մեկն էր։ Ես զգացի, որ իմ մեջ զարգանում է այնպիսի ատելություն դեպի այդ բարձրահասակ տղամարդը, որի նմանը կարելի է զգալ միայն դեպի որդեսպանը։ Այլևս նա իմ աչքում մի հրեշ էր, որին կործանելը ես կհամարեի բարություն և արդարություն։ Ինձ համար Ալինան մի մարմնացած տանջանք էր, իսկ այդ մարդը՝ միակ նրա հեղինակը։
Ես սիրեցի Ալինային կրկնակի սիրով։ Ես զգացի, որ այլևս իմ հոգին հավիտյան շաղկապված է այդ հիվանդ հոգու հետ, որ այլևս ոչ մի գերբնական զորություն չի կարող ինձ բաժանել նրանից՝ առանց իմ սրտից մի արյունաշաղախ կտոր պոկելու։ Զգացի նույնպես, որ իմ դրությունը ողբերգական լինելով հանդերձ, երեխայական է ու ծիծաղելի։ Ողբերգական ինձ համար, ծիծաղելի ուրիշների համար։ Սիրում էի մեկին, որ իրապես գոյություն չուներ այս աշխարհում, որ մի ուրվական էր, մի ծանր երազ։ Տանջվում էի