Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տակ, շունչս զսպած, ականջ էի դնում դեպի Աղովսկիների բնակարանը։ Չէ՞ որ մահը մեծ մասամբ գիշերներն է այցելում մարդկանց։ Ես մտածում էի, եթե Ալինան մեռնե, կլսեմ նրա հավատարիմ աղախնի հեկեկանքները։ Նրա ամուսնուց հեկեկանք չէի սպասում։

Եվ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ անգամ ամբողջ տասնուչորս գիշեր։ Իսկ ցերեկները տանտիրուհուս միապաղաղ կրկնությունը.

— Ալինայի դրությունն անփոփոխ է։

Առանձնապես անհանգիստ էի վերջին գիշերը, որ ամբողջովին անցկացրի փողոցում։ Լուսին չկար. անամպ, հստակ երկնակամարի վրա պսպղում էին աստղերն այնքան ուրախ, այնքան զվարթ որքան տխուր ու մռայլ էր իմ հոգին։ Մի՞թե նրանք բոլորը միասին արժեին Ալինայի կյանքի մի ժամին, մի չնչին անգամ։ Ահ, թող կորչե ամբողջ տիեզերքը, միայն թե ապրե Ալինան։

— Ալինա, Ալինա, Ալինա,— արտասանում էին գիշերային լռության մեջ իմ բորբոքված շրթունքները։

Եվ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ։

Վերջապես, ուժերս դավաճանեցին ինձ։ Լուսաբացին հագուստով պառկեցի անկողնակալիս վրա ու նիրհեցի։ Տասնուչորս գիշեր գրեթե չէի քնել և նիրհեցի այն ժամին, երբ պիտի արթուն լինեի։

— Դուք քնա՞ծ եք,— լսեցի ես հանկարծ տանտիրուհուս ձայնը և աչքերս բաց արի։

Նա կանգնած էր գլխիս մոտ ձեռքերը կրծքի վրա ծալած։

— Ի՞նչ է պատահել,— գոչեցի ես, ոտքի թռչելով:

— Ալինան մեռավ։

Ես ոչինչ չասացի: Մի թույլ ճիչ ակամա դուրս թռավ իմ կրծքից, և ես ուժասպառ նստեցի անկողնակալիս վրա ու գլուխս թեքեցի կրծքիս։

Տանտիրուհիս ավելացրեց.

— Քահանայի անեծքը…

Մի ժամ անցած անիծյալ բնակարանում երևացին անծանոթ դեմքեր։ Այլևս բոլոր լուսամուտները բաց էին։ Խոհարարն ու աղախինը շտապ-շտապ կարգի էին բերում կահ-կարասին: