Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նա կանգ առավ, հառաչեց։

— Ի՞նչ են որոշել բժիշկները,— գոչեցի ես:

— Աղախինը չգիտե: Ինչ-որ դեղ են սրսկել Ալինայի մարմնի մեջ։ Նա շատ թույլ է և շուտ-շուտ ուշաթափվում է։ Դարմանող բժշկին պատվիրել են այս գիշեր չհեռանալ հիվանդի մոտից։ Նա գնաց, երեկոյան կգա։ Աղախինը լաց է լինում։ Նա շարունակ կրկնում է. «Չգիտեք, չգիտեք որքան բարի տիրուհի էր նա այդ դժբախտությունից առաջ։ Ոչ ոքի աշխարհի երեսին այնքան չեմ սիրել, որքան նրան»։

Չքացավ իմ լավատեսությունը, թուլացան իմ հույսերը։ Զգացի, որ Ալինայի դրությունը լուրջ է։ Եվ ուժասպառ ընկա աթոռի վրա։ Արտասուքը վաղուց էր խեղդում կոկորդս։ Այլևս չկարողացա զսպել նրան և տվեցի ազատություն իմ մանկական խելառ հեկեկանքներին։

Բարի, զգայնասիրտ տանտիրուհիս մոտեցավ ինձ հանդարտ քայլերով և սկսեց մխիթարել։

Իմ հեկեկանքների միջից լսում էի նրա հատ-հատ խոսքերը.

— Լավ, Ալինան չի մեռնիլ: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, զավակս։ Ահ, խելագար։ Ո՞վ է այդ կինը քեզ համար, քո ի՞նչն է։ Մի անգամ էլ հետը չես խոսել: Լավ, լավ, երեխա մի՛ լինիր, հանգստացիր։ Ամոթ է, վերջապես, ի՞նչ կասեն, եթե լսեն մարդիկ։ Աստված իմ, նա գժվում է, ես ինչ անեմ։ Այ զարմանալի տղա։

Նա գրկել էր իմ գլուխն ու շոյում էր նրան ձեռքերով։ Ահ, որքան քնքուշ էին, որքան մայրական այդ աշխատավոր կոշտացած ձեռքերն ինձ համար այդ պահին և որքան կփափագեի, որ նրանք անվերջ շոյեն իմ գլուխը: Զգում էի իմ խելառությունը, զգում էի իմ ծիծաղելի լինելը, բայց չէի ամաչում այդ օտար ու օտարոտի կնոջից։

Նկարագրե՞մ արդյոք, թե ինչպես անցկացրի այդ երեկոն, այդ գիշերը, հետևյալ օրը, հետևյալ գիշերը, ամբողջ տասնուչորս օր։ Օհ, անմոռանալի օրեր։ Անքուն էի, հարկավ, թեև տան տիրուհուս չանհանգստացնելու համար լամպարս հանգցնում էի։ Տասնուչորս գիշերներ յուրաքանչյուր կես ժամ դուրս էի գալիս փողոց, կանգնում էի փակ լուսամուտի