Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՐԵՇԸ

Նա ծնվեց աննկատելի։ Ոչ ոք չիմացավ նրա ծննդյան տեղն ու ժամը, որովհետև ոչ ոք չէր կարծում, թե կարող է ծնվել մի այդպիսի հրեշ:

Բայց նա ծնվեց։ Հենց առաջին օրից նա սնվում էր արյունով, որովհետև և՛ արյունից էր ծնվել, և՛ արյունահեղություննրն էր նրա ծնողը։ Ամիսը չլրացած դուրս եկան նրա ատամները։ Նախ մանր էին նրանք, աննկատելի, բայց հետո արագ մեծացան։

Մեծացան և կարճ ժամանակում դարձան ժանիքներ, սրածայր, հաստարմատ, ծուռ՝ նման երկաթյա ունելիքների։

Այլևս արյունը նրան չէր կշտացնում։

Ժանիքները պահանջում էին կարծր ուտելիքներ, ստամոքսը կարոտում էր համադամ կերակուրների՝ բաղկացած մարդկային մսից, ոսկորից և ուղեղից։ Եվ նա քանի մեծացավ, այնքան ավելի ու ավելի դարձավ ագահ, խստապահանջ և հանդուգն։ Մանավանդ հանդուգն ու անամոթ։

Այժմ նա պտտում է փողոցներում, և դուք ամեն օր տեսնում եք նրան, ամեն ժամ, ամեն րոպե, որովհետև նա ձեզ հետևում է ամենուրեք։ Նրա աչքերն արյունալի են. բերանը միշտ բաց՝ ինչպես անհատակ ու մթին անդունդ, ատամները փայլուն։ Նա անցնում է դռնեդուռ, մտնում է տները և ճանկում ու կլանում է ամեն ինչ, որ հնարավոր է, ամեն ինչ, որ անհնարին է: