Ծերունիների վերջին օրերը, երիտասարդների վերջին ուժերը, մանուկների վերջին կտոր հացը, ծծկերների վերջին կաթիլը կաթի, կանանց ու աղջիկների ամոթխածությունը, հայրերի ինքնասիրությունը, այրերի պատիվը, մայրերի հանգստությունը։ Նա ոչինչ չի խնայում և ոչնչով չի կշտանում։ Երեկ նա մի հուսահատ սպայի ճանկեց և ձգեց գետի մեջ ու խեղդեց։ Այսօր նա սպանեց մոր գրկում, փողոցի մեջտեղում, խուռն բազմության առջև նրա միակ զավակին:Վաղը նա խեղդելու է մորը։
Զարհուրելին այն է, որ ամենքը սարսափած դիտում են հրեշի այդ գազանությունները և ոչ ոք չի ուզում նրա հետ կռվել, վասնզի ահն ու սարսափը կաշկանդել է ամենքին։ Եվ նա շարունակում է իր ավերումներն աներկյուղ ու անպատիժ։ Մարդիկ միայն մի բան գիտեն անել — անիծել։ Եվ անիծում են հրեշին բոլոր տներում, բոլոր փողոցներում, մեծն ու փոքրը, աղքատն ու հարուստը։
Անունն է այդ հրեշի թանկություն։
Արդյոք մինչև ե՞րբ պիտի նա իշխե անպատիժ։ Արդյոք կգա՞ մի օր, որ ուժասպառ և թմրած ամբոխը ոտքի ելնե միահամուռ ուժերով և ջարդուփշուր անե լրբացած հրեշի գլուխը։