Վիրավորված խմբագիրը պահանջեց, որ Սիմոնը վռնդվի տպարանից։ Տպարանատերը չհամաձայնեց, ասելով.
— Ես չեմ կարող ինձ զրկել Սիմոնի պես մի լավ բանվորից։ Նա իմ տպարանի աչքն է։
Ընկերները հարգում էին Սիմոնին և, իրարու հետ ընդհարվելիս, միշտ նրան էին դատավոր կանչում։ Ոմանք իրենց հոգու խորքում վախենում էին նրանից։
Սիմոնը բարեսիրտ էր, բայց խստապահանջ՝ մարդկային արարքների վերաբերմամբ։ Ատում էր ամբողջ հոգով բոլոր անարդարությունները, խոշորներից սկսյալ մինչև ամենափոքրերը։ Ուղղամիտ և արդարադատ էր։ Անողոք էր, երբ հարկավոր էր պարսավել, անսահման ներողամիտ՝ երբ վիրավորում էին նրան։ Հարգելով զորեղներին, չէր թեքվում նրանց առջև։ Պաշտպանելով թույլերին, երբեք կողմնապահ չէր նրանց օգտի համար։
Փիլիսոփա չէր Սիմոնը, բայց գիտեր արհամարհել կյանքի դառնությունները։ Ընտանեկան լուծը տանում էր անտունջ, թեև ծանր էր շաբաթական մի քանի տասնյակ ռուբլիներով կերակրել վեց բերան։
Նրա չորս զավակներից ամենամեծը տասնուհինգ տարեկան Վահանն էր—աշակերտ Ներսիսյան դպրոցի։ Մնացյալները 3, 5 և 9 տարեկան աղջիկներ էին։ Վաղ առավոտից մինչև ուշ երեկո նրա կինը աշխատում էր անընդհատ և հազիվհազ կարողանում էր քիչ թե շատ կարգ ու կանոն ու մաքրություն պահպանել իր աղքատիկ տնտեսության մեջ։ Իր բնույթով ու կենսական պահանջներով Շողիկը Սիմոնի հակապատկերն էր։ Անիծում էր իր ճակատագիրը առավոտից մինչև երեկո և կծու խոսքերով հանդիմանում Սիմոնին նրա աղքատության համար։ Նա քահանայի աղջիկ էր։ Նա շարունակ կրկնում էր։
— Եթե հայրս գիտենար, որ դու ինձ այդպես ես պահելու, քեզի կտա՞ր իր աղջիկ։
Մոռանում էր, որ տեր Մեսրոբը շատ լավ գիտեր գրաշարի նյութական վիճակը։ Մոռանում էր նաև իր անհրապույր արտաքինը, որ չէր կարող գրավել Սիմոնից մի աստիճան ավելի խստապահանջ մեկին։
Կնոջ անվերջ կշտամբանքներից ձանձրացած գրաշարը