նայում էր իր կինամոնագույն խոշոր ու խելացի աչքերով կարճահասակ, կարճավիզ, կոշտ ու կոպիտ կողակցին և զարմանում էր, թե նրա ինչովը հրապուրվեց։ Բայց նա այնքան նրբազգաց էր, որ երբեք Շողիկի երեսովը չէր տալիս նրա տգեղությունը։ Չէր էլ վիճում նրա հետ, զգալով, որ չունե բավականաչափ զորեղ հիմք՝ աղքատությունը պաշտպանելու համար։ Միայն կրկնում էր.
— Դու ինձնից ազնվություն պահանջիր և ոչ հարստություն։
Շողիկն ամեն անգամ կծու հեգնանքով ժպտում էր այդ դարձվածը լսելիս։ Մի անգամ այնպես կատաղեց, որ ասաց.
— Մի զույգ կոշիկներ երեխայիս համար ավելի թանկ արժե իմ աչքում, քան քո ազնվությունը։
Սիմոնը մի հոգս և մի փափագ ուներ — ինչպեսևէ տալ Վահանին բարձր ուսում։ Իր լավագույն հույսերը նրա վրա էր դրել։ Էհ, մինչև այժմ մի կերպ ապրել են, էլի կապրեն մի քանի տարի։ Ահա Վահանն արդեն հինգերորդ դասարանումն է, երկու տարուց հետո նա կլինի համալսարանում, և մեկ էլ տեսար մի օր ավարտեց ու եկավ բժիշկ կամ իրավաբան՝ միևնույն է։ Այն ժամանակ նա կխոսե Շողիկի հետ։
— Մինչև նրա գալը ես կգնամ մյուս աշխարհը,— ասում էր անհաշտ կինը և շարունակում էր կրծոտել Սիմոնի համբերությունը։
Վերջին ժամանակ Սիմոնը շատ անհանգիստ էր։ Բանն այն է, որ Վահանը ծուլացել էր, առաջվա սիրով չէր հետևում իր դասերին։ Արդեն երկու անգամ Սիմոնին կանչել էին դպրոց և այդ մասին հայտնել։
Սիմոնը սովոր չէր իր զավակներին ծեծով կրթելու։ Նա գիտեր, որ ծեծն առհասարակ խրատելու ու կրթելու միջոց չէ։ Նա միշտ հիշում էր մի գրքույկում կարդացածը, թե Զվիցերիայում կենդանիներին անգամ չեն ծեծում։
— Երեխաներին պիտի սովորեցնել հարգել ու սիրել ծնողներին և ոչ թե վախենալ նրանցից,— ասում էր նա հաճախ Շողիկին, որ այս դեպքում ևս համաձայն չէր նրա հետ և մեկ-մեկ ծվծվացնում էր իր փոքրիկներին։
Եվ նա ինքն աշխատում էր խոսքով ուղղել Վահանին: