Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր ենթադրությունից։ Զգում էր, որ պատրաստվում է մի փոթորիկ, որ այսօր վաղը պայթելու է և կործանելու իրեն և իր որդուն։ Նա աղերսում էր աստծուն հեռացնել այդ, փոթորիկն իր գլխից և բավականանալ նրա սոսկալի տանջանքներով։

Բայց ճակատագիրն ավելի զորավոր էր, քան նրա լուռ աղերսանքները...

Գիշեր էր։ Որ ժամը — Սիմոնը չգիտեր։ Զգում էր, որ ուշ է։ Նա պառկած էր երկու փոքրիկ սենյակներից մեկում, առանձին։ Տրորվում էր անկողնու մեջ և քունը չէր գալիս հանգստություն տալու նրա տկար մարմնին ու հոգնած ներվերին։ Գիտեր, որ Վահանը տանը չէ, և մտածում էր նրա մասին։ Մյուս սենյակից լսվում էր խոր քնած Շողիկի ու երեխաների շնչառությունը։ Ուրիշ ոչ մի ձայն, ոչ մի շշուկ։

Հանկարծ հարևան սենյակի դռները կամացուկ բացվեցին: Սիմոնը զգաց, որ Վահանն է:

«Մայրիկ, մայրիկ»,— լսեց նա մի քանի անգամ որդու շշնջյունը։

Հետո նա լսեց Շողիկի զարթնելը, որդու հետ շշնջալն ու ոտքի ելնելը։ Լսեց, որ մայր ու որդի զգույշ քայլերով դուրս եկան սենյակից։ Նա գտավ լուցկիների տուփը և կամեցավ քովը դրած փոքրիկ լամպարը վառել, բայց մտածեց ու չվառեց։ Նա կամացուկ մը վեր կացավ և խարխափելով անցավ մյուս սենյակ, այնտեղից անցավ նախասենյակ, որից դենը խոհանոցն էր։ Նա կանգ առավ մթության մեջ։ Խոհանոցի դռները գոց էին, բայց այնտեղ լույս կար։ Սիմոնը մոտեցավ դռներին, զգուշությամբ նրանց մի փոքր բաժանեց իրարից ու տեսավ հետևալ պատկերը։ Մայր ու որդի կանգնած էին դեմուդեմ, երկուսն էլ տարօրինակ հուզված, երկուսն էլ գունատ: Վահանը, դուրս բերեց պիջակի գրպանից թղթադրամների մի մեծ կապոց և, տալով մորը, շշնջաց.

— Դու այս փողերը թաքցրու մի ապահով տեղ, մնացյալը ոչինչ։ Ինձ բռնելը շատ էլ հեշտ չէ։

— Բայց գողությունը լավ բան չէ,— լսվեց Շողիկի ձայնը:

Միևնույն ժամանակ Սիմոնը նկատեց, թե ինչպես Շողիկի