Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերը փայլեցին թղթադրամների կապոցը տեսնելիս և ինչպես նա դողդոջուն ձեռքով վերցրեց կապոցը:

— Գողությունը լավ բան չէ, բայց հինգ հազար ռուբլին լավ բան է: Թող հայրս ինչքան ուզում է իր ազնվությունը քարոզե, իսկ ես չեմ ուզում, որ դու կիսաքաղցած ապրես: Թաքցրու։

Շողիկն այլևս ոչինչ չասաց: Նայեց աջ ու ձախ: Սիմոնը զգաց, որ նա փողերը թաքցնելու համար ապահով տեղ է փնտրում։ Տեսարանն այնքան զազրելի էր նրա համար, որ մի վայրկյան կամեցավ հեռանալ, որ չտեսնե։ Բայց ինչպե՞ս թողներ, որ մայր ու որդի անպատիժ ոտնատակ անեն ցեխի մեջ մնացորդը նրա պատվի։

Սիմոնը բաց արավ դռներն ու մտավ խոհանոց։

Շողիկը բարձրաձայն ճչաց։ Վահանը մի վայրկյան ցնցվեց, տեսնելով հոր կիսամերկ, նիհար ու բարձր կերպարանքը լամպարի աղոտ լույսի ներքո։ Բայց իսկույն ևեթ կարողացավ ուշքը ժողովել իր տարիքին ոչ հատուկ կամքի ուԺով։

— Ավազակներ, այդ ինչ եք անում այստեղ,— գոռաց Սիմոնը, բռունցքները սեղմելով,— ես ձեր գլուխը կջարդեմ։

— Չես կարող,— արտաասանեց Վահանը։

Սիմոնը նկատեց, որ նա մի ձեռը տարավ գրպանը։ Որդու այդ սպառնալի շարժումը սպառեց Սիմոնի համբերության վերջին կաթիլը։ Նրա ուղեղը պղտորվեց։ Նայեց արյունալի աչքերով աջ ու ձախ։ Պատի դարակներից մեկի վրա դրած էր մի աղյուս, որ Շողիկը գործ էր ածում դանակները ժանգից մաքրելու համար։ Մի ակնթարթում Սիմոնը վերցրեց աղյուսը և ուժգին թափով ձգեց Վահանի վրա։ Հարվածը հասավ ուղիղ Վահանի ճակատին։ Եվ նա մի խուլ ճիչ արձակելով փռվեց գետնի վրա։ Որդու արյունը շաղախեց մոր ոտքերը։

— Այդ ի՞նչ արիր, գազան,— գոռաց Շողիկն ու ընկավ որդու վրա։

— Արի, ինչ որ պարտավոր էի անել։ Այժմ թող ինձ դատեն աստված ու մարդիկ։

Եվ, անմիջապես հագնվելով, վերցրեց Վահանի գողացած փողերը և գնաց ոստիկանատուն անձնատուր լինելու իբրև որդեսպան։