Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դանակն այնտեղ տեսնենք, գրազը տարած ես, և մենք կասենք, որ տղա ես, իսկ եթե ոչ — աղջիկ ես, մենք մի լավ կծիծաղենք քեզ վրա։

Մյուս ընկերները շատ աշխատեցին երկու կողմերին համոզելու՝ թողնել անիմաստ գրազը, չկարողացան։

Կեսգիշեր էր արդեն, երբ խումբը, գինու վերջին գավաթները պարպելով, դուրս եկավ գինետնից։ Եղանակն ավելի ցրտել էր, բայց անձրևը դադարել էր։

— Դե՛, տղերք, բարի գիշեր,— ասաց Սարգիսը, Աղասու դանակը գրպանը դնելով,— ես մտնեմ տուն, յափունջիս վերցնեմ և հայդա։ Վաղը պատարագին կտեսնվենք։

Ասաց և չքացավ թանձր խավարի մեջ։

— Բարի գիշեր,— ասաց Աղասին,— վաղը դուք կլսեր մի նոր բան․․․ Իսկ առայժմ գնանք քնելու։

Սարգիսն արագ քայլերով անցավ քրիստոնեաբնակ արվարձանը, մտավ թուրքերի նեղ ու ծուռ փողոցները և քառորդ ժամում դուրս եկավ քաղաքի սահմաններից։ Երբ մոտեցավ թուրքերի գերեզմանատանը, տեսավ դիք-դիք դրված տապանաքարերը․ նրանք հեռվից մարդերի էին նմանվում։ Սարսուռի պես մի բան անցավ նրա մարմնով։ Մի առ մի պատկերացան նրա աչքերի առջև այն բոլոր առասպելները, որ լսել էր շատ անգամ և որոնց հավատում էր։ Բայց աշխատեց ամրապնդվել, երևակայելով, թե Աղասին որքան պիտի ծաղրակոծե իրեն, եթե քաջություն չունենա գրազը տանելու։ Նա գնում էր արագ քայլերով, կարծես, իրավ, ոգիները հալածում էին նրան և ուրիշ փրկություն չուներ, բացի փախչելուց։ Եվ սկսեց վազել, մերթ ընդ մերթ վայրկենաբար կանգ առնելով և ետ նայելով։ Վերջապես, բավական հեռանալով թուրքերի գերեզմանատնից, համոզվեց, որ ոչ մի ոգի չի հետևում իրեն, քաջալերվեց և, քայլվածքը դանդաղեցնելով, բարձրացավ բլուրը։

Նա մոտավորապես գիտեր որտեղ է փորված հանգուցյալ