Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերոջ գերեզմանը և, կես ժամ փնտրելուց հետո, գտավ: Երբ մոտեցավ գերեզմանին, գրպանից դուրս բերեց Աղասու դանակը։ Գերեզմանափորը չէր մոռացել հողաթմբի վրա դնել երեք խոշոր քարեր, որոնց սովորաբար ցցում են հանգուցյալի թարմ շիրիմի վրա, ասելով. «Եվ եղիցի անշարժ տապանս այս» և այլն...

Նա կանգ առավ գերեզմանի եզրին և պատրաստվում էր դանակը նետել այնտեղ, երբ տեսավ մի ճերմակ բան, նա նման էր սավանի մեջ փաթաթված մարդու։ Թվաց, որ սավանը շարժվում է, կարծես ուզում է ոտքի ելնել։ Առանց մի վայրկյան հապաղելու, վերցրեց երեք քարերից մեկը և ամբողջ ուժով ձգեց ուրվականի վրա։ Լսվեց ինչ-որ խուլ ձայն, նման մարդկային ճիչի։ Նա ձգեց երկրորդ քարը, ապա դանակը բաց թողեց գերեզմանի մեջ և շտապեց փախչել։

Նա վազում էր բլուրից վար, առանց ետ նայելու։ Վախենում էր նայել...

Հետևյալ օրը բոլոր ընկերները եկեղեցումն էին։ Չկար միայն Աղասին։ Սարգիսը գրազը տարել էր, փափագում էր որքան կարելի է շուտ տեսնել նրան և պարծենալ։ Նա պատմեց բոլորը, ինչ որ զգացել էր ու խորհել գիշերը, բայց գերեզմանի մեջ տեսած անհասկանալի երևույթի մասին լռեց։ Նա վախենում էր, որ եթե ասի, ոչ ոք չի հավատալ և ընդհակառակը ինքը․ կարող է ծաղրի ենթարկվել որպես երկչոտ երևակայող։

Աղասին չկար և չերևաց մինչև պատարագի վերջը։ Ընկերները հետաքրքրվեցին գիտենալ՝ միգուցե հիվանդացե՞լ էր։ Մեկը գնաց և տանից լուր բերեց, թե Աղասին մինչև լույս տուն չի վերադարձել և թե այժմ էլ հայտնի չէ ուր է նա։

Անձրև չկար, եղանակը սիրուն էր, պայծառ, արեգակնային։ Այդպիսի օրին քաղաքից դուրս գալը մի տեսակ զբոսանք էր, թեկուզ մեռել թաղելու համար։

Հանգուցյալի դագաղը մինչև գերեզմանատուն տարվեց ձեռքով։ Այդպես կամեցան նրա ընկերները, հուղարկավորները և օգնեցին նրանց։ Գիտեին, որ գերեզմանատանը վարձատրվելու են առատ հացկերույթով։

Գերեզմանին մոտենալիս․ ուղեկցող քահանան ու տիրացուները