— Ցավում եմ, որ երկար պիտի սպասեք,— ասացի, արդարև, անկեղծ ցավակցությամբ։
— Որքա՞ն ժամանակ։
— Առնվազը չորս ամիս, գիտե՛ք, շաբաթաթերթ է։
— Բայց այդ շատ է, ես չեմ կարող, գիտե՞ք, ես․․․ ես․․․ Բարի եղեք հերթից դուրս տպագրելու։
Տեսարանն ինձ համար միաժամանակ և՛ ցավալի էր և՛ ձանձրալի, մեկն այն տեսարաններից, որոնցից մարդ աշխատում է որքան կարելի է շուտ ազատվել։
— Չեմ կարող,— ասացի ես և ձեռագիրը դրեցի նրա առջև։
Երբեք ոչ մի դեմքի վրա չէի տեսել այնքան խոր, այնքան կսկծալի վիշտ։ Կարելի էր կարծել, որ ես նրան զրկեցի իր գոյության վերջին հույսից կամ ոտնատակ արի նրա լավագույն սրբությունը։
— Լավ չեք անում, պարոն խմբագիր, լավ չեք անում, արտասանեց նա նույն հուզված ու խեղդուկ ձայնով ու ձեռագիրը վերցրեց իր նիհար, ոսկրոտ ձեռքով։
Եվ ձգեց ինձ վրա մի երկարատև կշտամբելի հայացք, առանց բարևելու դուրս գնաց։
Նախասենյակից մի անգամ ևս լսեցի նրա հազի ձայնը․․․
⁂
Այս դեպքը պատահեց աշնան վերջին։
Անցան ամիսներ, անցավ ձմեռը։ Երբեմն հիշում էի պատանու նիհար ու գունատ դեմքը, մանավանդ նրա վերջին հայացքը, որի մեջ ես զգացել էի դառը վշտի հետ և՛ ատելություն, և՛ նախանձ։
Գարնան սկիզբն էր։ Չեմ հիշում մեր հասարակական գործիչներից որի թաղումն էր։ Շատերի հետ ես էլ գնացի հուղարկավորությանը մինչև Խոջավանքի գերեզմանատունը։ Թաղումը վերջանալուց հետո ես ամբոխից հեռացա։ Եղանակը