Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սքանչելի էր, արեգակն ախորժելի, կապույտ երկնքի վրա ամպի ոչ մի նշույլ։ Հաճելի էր մեռելների աշխարհում մեն-մենակ թափառել ու ճաշակել կյանքի ունայնությունը։

Ես կանգ առա մի գերեզմանաքարի մոտ՝ նրա երկար արձանագրությունը կարդալու։ Այդ վայրկյանին հեռվից լսեցի մի ողբաձայն. նայեցի նույն ուղղությամբ։ Հեռավոր գերեզմաններից մեկի վրա նկատեցի մի սև պատկեր։ Քայլերս անգիտակցաբար ուղղեցի դեպի այն կողմը։ Որքան ավելի էի մոտենում, այնքան ձայնը ավելի էր քաշում ինձ։ Դա մի կին էր։ Չոքած մի տակավին թարմ գերեզմանի հողակույտի քով, ձեռը կրծքին զարնելով, ողբում էր կրկնելով.

— Շիր ու շնորհքիդ մատաղ, ոսկե գրչիդ մատաղ։

Ես, զգացված կանգ առա կնոջ ետևում, չկամենալով, որ նա ինձ տեսնի։ Բայց շուտով հետաքրքրվեցի գիտենալ՝ ով է թաղված այդ թարմ գերեզմանի մեջ։ Ես անցա մյուս կողմ։

Մի վայրկյան կինը, աչքերը սրբելով, նայեց ինձ։ Թվաց ինձ, որ այդ դեմքը ես տեսել եմ որևէ տեղ։

— Քույրի՛կ, ո՞վ է թաղված այդ գերեզմանի մեջ,— հարցրի ես։

— Իմ որդին, միակ զավակը, պարոն,— արտասանեց կինը, նորեն հեկեկալով։

— Քանի՞ տարեկան էր նա։

— Քսան տարեկան, պարոն, ուղիղ քսան։ Ա՛հ, չգիտեք ինչ տղա էր։ Նայեցեք...

Այս ասելով, կինը ծոցից դուրս բերեց մի լուսանկար ու ավելացրեց.

— Բարակացավից մեռավ, ա՛հ, անողորմ աստված։

Ես վերցրի լուսանկարը, նայեցի։ Դա նա էր, այն թշվառ պատանին, որի ձեռագիրը մերժել էի տպագրելու։ Խղճի մի սուր խայթ տակնու վրա արեց իմ էությունը, լուսանկարը նայում էր ինձ այն դառը կշտամբելի հայացքով, որ վերջին անգամ ձգեց ինձ վրա թշվառ պատանին։

— Քույրի՛կ, ի՞նչ էր ձեր որդու անունը,— հարցրի հավաստիանալու համար, թե ճիշտ դա այն տղա՞ն է։

— Միսակ, Միսակ Գուլոյան, գրում էր լրագրներում, ա՛հ, նմանը չկար, ա՛հ, ոսկի գրչիդ մատաղ, բալա․․․