Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովոր չեմ։ Այո՛, պարոններ, լսեցի ձեր պատմությունները, ոչինչ, ոչի՛նչ, մի քանի արկածներ զուրկ չէին հերոսությունից: Միայն թույլ տվեք մի բան հարցնել, կարելի՛ է։

— Հրամայեցե՛ք,— ասաց Լևոն Շահնազը, նշան անելով երաժիշտներին, որ դադարեն նվագը։

— Պարոննե՛ր, մի քիչ առաջ դուք փառաբանեցիք ուժը և խմեցիք զորավարների կենացը։ Ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ ասել է ուժ կամ զորություն։

Սեղանակիցները նայեցին իրար երեսի, չկարողանալով միանգամայն պատասխանել անսպասելի հարցին։

— Այո՛, ի՞նչ ասել է ուժ,— կրկնեց մարդը։

— Ո՛ւժ նշանակում է մի բան, որ դուք, պարոն, ինչպես երևում է, չունեք,— պատասխանեց խմբապետը մի սուր հայացք ձգելով մարդու վրա և կողքին կախած մաուզերն առաջ քաշելով։

— Օրինա՞կ,— հարցրեց մարդը չնայելով նրա երեսին։

— Օրինակ,— միջամտեց Լևոն Շահնազը,— երիտասարդություն, ամուր բռունցք, իշխանություն։

— Համեստություն մի արեք, երիտասարդ պարոն, ավելացրեք և հարստություն։ Ասացե՛ք, մի՛ ամաչեք, որովհեաև եսմ գիտեմ, դուք հարուստ եք։

— Շատ լավ, և՛ հարստություն: Մի խոսքով, ամեն բան, ինչ որ մեկին տալիս է միջոց մյուսներին ոչնչացնելու:

— Երիտասարդ պարո՛ն,— գոչեց մարդն իր կնճռոտ ճակատի տակից մի խոր հայացք ձգելով Լևոն Շահնազի աչքերի մեջ,— թույլ տվեք ինձ ասել, որ ձեր ասածներից ոչ մեկը ուժ չի և ոչ էլ խելքը, տաղանդը, գիտությունները։ Այդ բոլորը ուրիշ ոչինչ են, եթե ոչ թույլ գործիքներ ինչ-որ աներևույթ օրենքի ձեռքում։ Պարոննե՛ր, կյանքի մեջ չկան ո՛չ զորավորներ և ո՛չ թույլեր, կան միայն կույր գործիքներ այդ հավիտենական զորության ձեռքում, որ անտեսանելի է, անշոշափելի և անհաղթելի։ Ոչ ոք մինչև այսօր չի կարողացել քննել ու վերլուծել նրա էությունը, ոչ մի գիտնական, ոչ մի փիլիսոփա, այնինչ նա եղել է, կա և պիտի մնա հավիտյան տեր ու իշխան մեր գոյության: