Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր մի մարդ, հնաձև ու հնամաշ հագուստով և ալեխառն, գզգզված մազերով ու մորուքով։ Նա կծկվել ու փոքրացել էր այնպես, որ կարծես վախենում էր ուշքի ընկնել։ Արդարև, ոչ ոք չէր նկատել նրա ներկայությունը, բացի հաստապարանոց և կարմրաերես գինեվաճառ Դարչոյից, որ երբեմն նրա վրա ձգում էր արհամարհական հայացքներ։ Պարզ էր, որ նրա համար այդ մարդու ներկայությունը անախորժ էր։

Մարդը, արմունկները կեղտոտ սեղանին հենած, նայում էր իր առջև դրված շշին։ Կարծես նա ինչ-որ խորհրդավոր բանակցություն ունի գինու հետ։ Մինչ երաժիշտները արևելյան թախծալի երգեր էին նվագում, մարդը գլուխը տխուր շարժում էր, հառաչում և բաժակը դանդաղորեն, կարծես ակամա, մոտեցնում էր շրթունքներին։ Պարզ էր, որ քեմանի և թառի նվագն ալեկոծում էր մի տառապող հոգի և ով գիտե ինչ հիշողություններ էր արթնեցնում այնտեղ։ Բայց երբ խումբը խմեց զորավորների կենացը, մարդը արհամարհական մի հայացք ձգեց նրա վրա և քթի տակ արտասանեց. «Տխմարներ»։ Իսկ երբ երաժիշտները նվագեցին, ի պատիվ զորավորների, աղմկալի քայլելգը, մարդը ցնցվեց, գլուխը բարձրացրեց և, դառնալով նրանց, ասաց.

— Բավակա՛ն է, դադարեցե՛ք, անիծվածնե՛ր։ Ո՞վ ձեզ իրավունք տվեց այս աստվածային լարերը պղծել։ Չգիտե՞ք միթե, որ նրանք հնարված են սեր ու վիշտ երգելու: Լսո՞ւմ եք, միայն սեր ու վիշտ, ուրիշ ոչինչ։

Լևոն Շահնազը մի նշանով կանչեց իր մոտ գինեվաճառին ու հարցրեց.

— Ո՞վ է այդ մարդը։

— Չեմ ճանաչում,— պատասխանեց Դարշոն,— մեկ-մեկ գալիս է ու հինգ սհաթ նստում մի շիշ գինու մոտ մազերից երևում է, որ կամ դերասան է, կամ գազեթ գրող։

— Հրավիրիր նրան մեր սեղանը, մի քիչ ծիծաղենք։

Մարդն առանց տատանվելու վերցրեց իր գինու բաժակը և մոտեցավ խմբին։

— Թո՛ւյլ տվեք ներկայանալ, պարոննե՛ր,— ասաց նա մաքուր ռուսերեն լեզվով,— նախկին մի բան, այժմ ոչնչություն։ Շնորհակալ եմ, մի՛ ածեք, ես շամպայն չեմ խմում,

Ալեքսանդր Շիրվանզադե, Երկերի ժողովածու, V—24