Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա համար ամբողջ տիեզերքը։ Եվ այդ առողջ, պարարտ մարմինը նա սիրում էր ու փայփայում կանացի հոգածությամբ։ Մի թեթև գլխացավ կամ ատամնացավ երկյուղ էր ներշնչում նրան և այդ պահերին ուզում էր, որ ամենքը զբաղվեն իրենով, ամենքը, նույնիսկ հեռավոր ծանոթները։ Առանձնապես նրան մտատանջություն էր պատճառում իր առնական ընդունակությունը։ Միգուցե մի օր զրկվե այդ ընդունակությունից, որ նրա սրբություն սրբոցն Էր, և շարունակ խորհրդակցում էր բժիշկների հետ․․․

Այսպես էր եղել Սիմոն Սեֆերյանն իր անցյալում։ Այն մարդը, որ «այնտեղ», ոսկու և արծաթի ապականված ու նեխված աշխարհում, ոմանց առերես հարգանքի, ոմանց թաքուն ատելության և համենայն դեպս ընդհանուրի նախանձի առարկան էր։ Այն մարդը, որ իրեն համարել էր ամենից զգաստը, ամենից խելոքը։ Նա, որ իր ահագին հարստությամբ կարող էր հազարավոր չքավորների ու տնանկների ծանր լուծը թեթևացնել և սակայն ոչ մեկի արցունքը չէր սրբել։

Եվ ահա այսօր այդ անսասան մարդը, այդ պողպատյա եսամոլությունը խեղճացել էր, ընկճվել, կծկվել անողոք ճակատագրի հարվածների տակ։ Գայլը զրկվել էր ատամներից և անզորությունից կրծոտում էր ներսը։

Արմունկները հենած սեղանի եզրին, ճաղատ գլուխը ձեռքերի մեջ բռնած, աչքերը հառած դիմացի պատին, նա խորհում էր։ Օ՜հ, ոչ իր կորցրած հարստության, այն հոյակապ տների, առատաբուխ նավթահանքերի, գործարանների, շոգենավերի, այլ իր բարոյական աշխարհի մասին։ Դա առաջինն էր իր հիսնամյա կյանքում, առաջինը, երբ նայում էր դեպի իր ներսը։ Եվ որքան ավելի էր խորհում այնքան իր անցյալն ավելի ու ավելի էր թանձրանում իր ոչնչությամբ։ Մեկը մյուսի ետևից նրա նոր բացվող աչքերի առջև անցնում էին իր կյանքի էտապները և դրա հետ միասին մարդկային թշվառությունների բոլոր տեսակները, որոնց երբևէ տեսել էր և որոնց վրա երբեք ուշադրություն չէ դարձրել։ Ահա հանքերի