և գործարանների, նավերի ու շինությունների, ծովերի ու ցամաքների կիսամերկ, կիսանոթի աշխատավորներ՝ նավթի ու մուրի, տգիտության ու կեղտերի մեջ, նիհար, հողագույն դեմքեր, քայքայված կամ պես-պես հիվանդություններից փտած մարմիններ։ Մի խավար զանգված, որ նույնպես մարդկություն է։ Այդ հազարավոր ամբոխը, հոգիների այդ վիթխարի լեգիոնը գիշեր-ցերեկ, անդուլ-անդադար աշխատել է մի փոր հացի համար և սակայն երբեք կուշտ չի եղել, որովհետև նրա դառն աշխատանքի, նրա արյուն-քրտինքի ամբողջ արդյունքը, այս ամբողջը կլանվել է մի քանի տասնյակ անհատների գրպանը։ Մեկն էլ այդ անհատներից ինքն է եղել, Սիմոն Սեֆերյանը։
Քանի՜-քանի կորստաբեր դեպքեր են տեղի ունեցել նրա հանքերի վրա ու գործարաններում, քանի՜-քանի հանկարծահաս մահեր, գազերի մեջ խեղդվածներ, նավթի մեջ այրվածներ, փլված պատերի տակ ջարդվածներ։ Եվ ո՞ր դժբախտությունն է նրա հոգին փոթորկել, ո՞րն է նրա կույր աչքերը թրջել:
«Շատ-շատ տալիս էի թշվառների թաղման ծախքը և մի քանի ոսկի էլ շպրտում էի նրանց ընտանիքներին»։
Եվ դրանով կատարած էր համարում իր մարդկային պարտականությունը։
«Եվ չէի ամաչում դեռ թշվառների դիակները չթաղված գնալ կլուբ, թուղթ խաղալ, հետո ընթրել, շամպայն լակել, հետո վազել սիրուհիներիս մոտ՝ այնտեղ կոկորդիլոսի արցունքներ թափելու»։
Արտասանելով այս խոսքերն իր մտքում, նա ձեռը զարկեց ճակատին և հառաչեց.
«Մեղք եմ փնտրում,— շարունակեց մտածել նա, դառը ժպտալով,— մեղքն ի՞նչ է, թշվառ, դու ոճրագործ ես...»։
Ամեն ինչ, ամեն ինչ գոռում ու աղաղակում էր նրա խղճի դեմ։ Խղճի, որ նոր էր զարթնել, որ նոր էր ծնվել նրա մեջ, այն Ժամանակ, երբ նա անզոր էր իր անցյալը շտկելու։ Պարզ և վառվռուն նա հիշեց և բանվորների ապարդյուն աղերսանքները՝ գեթ մի քանի կոպեկով ավելացնելու իրենց օրավարձը, և նրանց մութ ու խոնավ կացարանները, և նրանց