Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես չամաչեցի մերժել, որովհետև տրամադրությունը տեղը չէր»:

Մարդը ոչինչ չասաց, լուռ նայեց տիրոջ երեսին, և այդ պահին (օօ՜, այդ է, որ այսօր տանջում է Սեֆերյանին) նրա միակ աչքից դուրս ընկան արցունքի երկու խոշոր կաթիլներ և, իջնելով վար, կանգ առան նրա ծաղկատար այտի վրա։

Անցան շաբաթներ, թե, ամիսներ (լավ չի հիշում Սեֆերյանը): Մի օր նա շատ ուրախ տրամադրության մեջ էր: Նրա նոր հանքերի շրջանում շատրվան էր բացվել, որ խոստանում էր նոր հարստություն։ Այդ պահերին նա սովորաբար կատակներ էր անում ամենքի, նույնիսկ իր ստորադրյալների հետ։ Ուզում էր, որ ամենքն ուրախանան, չէ՞ որ հարուստները չեն սիրում տխուր միջավայր: Նա չզրկեց և Մնացականին իր բարեհաճ ուշադրությունից: Հիշում է նա այսօր բուռ առ բուռ այն խոսքերը, որ ասաց մարդուն.

— Է՜յ, ցի՛կլոպ, բավական է, որքան տեսար աշխարհի մի երեսը, այժմ նայիր մյուս կողմը։

Շու՛րջը լսող գործակատաքրներն ու ծառաները հըռհըռ ծիծաղեցին իրենց տիրոջը հաճոյանալու համար, և տերը, կարծեց, որ իր կատակը մի մեծ սրախոսություն է։

Մնացականը ոչինչ չասաց, Սեֆերյանը զգաց, որ նա վիրավորվեց։ Նա վախեցավ, որովհետև մարդն, իր մի աչքով նայեց նրան, այնպիսի ատելությամբ, որ, կարծես, պատրաստ էր կատակին պատասխանել մի սուր հայհոյանքով: Նա շտապեց իր սխալն ուղղել և ասաց.

— Ա՜հ, միտս ընկավ, կարծեմ դու մի որդի ունեիր հիվանդ, ինչպե՞ս է այժմ։

Մարդը նորեն նայեց նրա երեսին, ավելի սուր ատելությամբ և պատասխանեց.

— Նա մեռավ:

Ապա, բռունցքները սեղմելով իր կատաղությունը զսպելու համար՝ ավելացրեց.

— Դու չկամեցար նրան ազատել. դու մարդասպան ես…

Ասաց և հեռացավ առանց ետ նայելու, հետևյալ օրը նա արձակվեց իր պաշտոնից։