Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա՜հ, ուզում էր ցույց տալ մարդկանց, թե ավելի գիտե, քան իր շրջապատողները։

Եվ նա սկսեց ամաչել իր անցյալ ինքնահավանությունից, իր ամբարտավանությունից։

Նա այնքան էր խորասուզված իր մտքերի մեջ, որ չնկատեց իր հայրենակիցներից երկուսի գալը։ Ներս մտան այդ մարդիկ ծանր քայլերով, ինչպես թաղման հուղարկավորներ և, առանց բարևելու, լուռ նստեցին նրա մոտ աջ ու ձախ։

Այդ մարդիկ վաղուց էին միմյանց ձանձրացրել և վաղուց կկամենային փախչել իրարուց, բայց և այնպես, ամեն առավոտ, քնից զարթնելով, պահանջ էին զգում միևնույն ժամադեպին գնալու։ Էհ, ո՜վ գիտե, գուցե որևէ մեկը «այնտեղից» լուր ունե, միևնույնն է ուրախ, թե տխուր լուր։ Նրանց զրույցների նյութերն արդեն սպառվել էին, և իրարու հանդիպելիս չգիտեին ինչով սկսել և ինչով վերջացնել տեսակցությունը։ Երբեմն աշխատում էին զվարճանալ անեկդոտներով, բայց դրանք էլ սպառվել էին և հաճախ միևնույն անեկդոտը կրկնվում էր տասներորդ անգամ։ Նույնիսկ ամենօրյա անեծքները չորացել էին նրանց շրթունքների վրա և այլևս չէին թեթևացնում նրանց մաղձը։

Ամենքը հավասար կացության մեջ էին։ Մի կերպ քաշքշում էին իրենց ողորմելի գոյությունը, վաճառելով վերջին ունեցածը։ Կեղծում էին ու ստում՝ իրենց միջոցները թաքցնելու համար և ողբում էին, շարունակ ողբում իրենց ճակատագիրը։ Բայց ոչ մեկը չէր կարող մյուսին խաբել։ Իրարու հոգեբանությունը ուսումնասիրել էին ինչպես միևնույն դասարանի աշակերտներ կամ միևնույն խմբի դերասաններ։

Ահա ինչու նորեկները, մի հայացք ձգելով Սեֆերյանի վրա, իսկույն դեմքերի շարժումով իրարու հասկացրին, որ մարդը իր սովորական տրամադրության մեջ չէ։ Լռությունը տևեց բավական երկար Ժամանակ՝ մինչև որ նորեկները դատարկեցին իրենց սովորական բաժակը սուրճի։

— Դե՜հ,— ասաց վերջապես մեկը երկուսից,— այժմ ասա՛, տեսնենք ի՞նչ նոր կարիճ է խայթել քեզ, Սիմոն, ինչո՞ւ այդպես այլայլված ես։

Սեֆերյանը ոչինչ չպատասխանեց։ Արթնանալով մտքերից,


Ալ. Շիրվանզադե, Երկերի ժողովածու, V-25