Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայեց աջ ու ձախ իր բախտակիցներին և գգաց մի անսովոր ատելություն դեպի այդ մարդիկ։ Այժմ նրանք նույնն էին իր աչքում, ինչ որ ինքը, ավելի կամ պակաս ոճրագործներ, այո՛, կատարյալ ոճրագործներ, վասնզի իր համար ուրիշ անուն չէր գտնում։

Մի պահ նա պահանջ զգաց բարկանալու նրանց իր հոգին, արտահայտելու իր խոհերը, բայց զսպեց իրեն։ Զսպեց ամոթից: Չէ՞ որ այդ մարդիկ, լավ են ճանաչում նրան, գիտեն, թե որքան է հպարտացել իր խելքով, իր իմասաությամբ: Ի՜նչ կասեն, եթե նա այժմ վեր կենա և հանկարծ խոստովանե, թե իր բոլոր սկզբունքները խախուտ են եղել, թե չարաչար մոլովել է հերքելով նախախնամության գոյությունը, մարդասիրության զգացումը, տկարի իրավունքը և զորավորի պատասխանատվությունը։ Ինչ էլ ասելու լինեն՝ համենայն դեպս չպետք է հավատան նրա անկեղծությանը և պիտի ծաղրեն։ Բայց ի՞նչ անել։ Շարունակե՞լ ամենօրյա կեղծիքը, կատակերգությունը, սնոտի հույսերը գալիք «փոփողությունների» մասին և անիծել, շարունակ, անիծել։ Օ՜հ, ոչ, բավական է, որքան կրճտեց ատամներն անզորությունից: Կա այժմ մի բան, որի վրա պիտի հենվել — ճշմարտությունը:

Այլևս չմնաց ուժ ո՛չ խաբելու և ո՛չ խաբվելու։

Ձգելով սեղանի վրա իր վճարելիքը, արագությամբ ոտքի ելավ։

— Դու շտապո՞ւմ ես, բայց ո՞ւր,— հարցրին նրա բախտակիցները միաժամանակ։

— Չգիտեմ ուր, մնացեք բարով:

Ասաց և շտապով դուրս եկավ սրճարանից:

Սեղանակիցները նայեցին իրարու:

— Այդ մարդը կարծես խելագարվում է, տեսա՞ր աչքերը ինչպես ծռեց մեզ վրա,— ասաց մեկը երկուսից։

— Այս՛, նկատեցի, զարմանալի չէ այդ դրության մեջ խելագարվելը,— արտասանեց մյուսը անտարբեր:

Այդ օրից Սիմոն Սեֆերյանը այլևս չէր երևում ո՛չ մի տեղ։ Մեկը նրա մոտիկ բարեկամներից այցելեց նրան իր բնակարանում մի երեկո և հետևյալ օրը սրճարանում ասաց.

— Սիմոնը մի գործարան է մտել իբրև հասարակ բանվոր: