Զատիկը անցավ, նրան հետևեց մեռելոցը։ Վերջինը ես ավելի եմ սիրում, քան առաջինը։ Երկուշաբթի վաղ առավոտից ես սկսեցի թափառել Թիֆլիսի գերեզմանատանը, որ տեսնեմ ո՛վ ինչ ցավ ունե, ով ինչ անցյալ է հիշում և ով ում համար է հոգեհանգիստ կատարում։
Հաղորդում եմ ընթերցողներիս իմ տեսածները, «ֆոտոգրաֆիական ճշտությամբ արձանագրելով» բոլորը։
Առաջին գերեզմանատանը ես հանդիպեցի աշխույժ երիտասարդ Պետրոս Սիմոնյանցին, որ մի խումբ սևազգեստների հետ կանգնած էր մի գերեզմանի մոտ։ Արժանապատիվ հայր Գեղամյանը հոգեհանգիստ էր կատարում երջանկահիշատակ «Մեղվի» հիշատակին։ Տեսարանը սրտաշարժ էր։ Տիրացու Գևո Գևոյիչը կրծքին ծեծում էր և գլխին հող ածում, աղաղակելով. «Վա՛յ ինձ, վա՛յ ինձ»։ Ինքը պարոն Պետրոսը, այնքան վշտահար էր, որ նույնիսկ ուշադրություն չդարձրեց իր մոտ կանգնած հեռագիրներ ցրող հրեայի վրա, որ ձեռում բռնած էր Ղարսից մի սգալից հեռագիր։ Մի փոքր հեռու Միքել Անջելլոյի հանճարեղ աշակերտ Ջովանի Բաբայանի Պալատնյանոն, մի հնադարյան ասպետական շինել ուսերին գցած, նկարում էր հանդիսավոր տեսարանը։ Նրա մոտ բացված էր մի քելեխի սեղան, որից Ջովանի Բաբայանի Պալատնյանոն երբեմն հոտ էր քաշում։ Թողի տեսարանը և հեռացա սրտամորմոք: