Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
[ՀԱՅ ՊԵՍՏԱԼՈՑՑԻՆ]

Անցյալ կիրակին կարմիր կիրակի էր։ Չգիտեմ ուրիշ քաղաքներում նա ինչ գույն ուներ, Թիֆլիսում մոխրագույն էր, իսկ շրջակա սարերի վրա սպիտակագույն։ Երկինքը իր աչքունքը այնպես թթվացրել էր, որ կարծես ռևիզիայի ենթարկված բանկի կառավարչի կամ բաժանորդ չունեցող հայ խմբագրի դեմք լիներ։

Թեև անձրևում էր, բայց տնից դուրս գալ կարելի էր։ Ճաշից հետո գնացի շրջակա Մախաթի սարի ստորոտը, դեպի Արսենալների կողմը։ Այստեղ ի պատիվ օրվա տոնին, որին ռուսները «Կրասնայա Գորկա» են կոչում, մի հանդես կար։ Մի ընդարձակ հրապարակի վրա սարքել էին ճոճանակներ, բարձր սանդուղքներ, տրապեցիաներ և կարուսելներ։

Շարմանկան նվագում էր, ամբոխը թռչկոտում ճոճանակների վրա՝ հարբած այծերի նման։ Այստեղ ես տեսա «հինավուրց, դպրոցի» բոլոր աշակերտներին։ Հոգաբարձության վճռով նրանք դուրս էին եկել կրթական նպատակով արշավանք (էքսկուրսիա) կատարելու։ Ամեն մի աշակերտ իր հետ բերել էր նախաճաշիկ. մի ձու և մի ընկույզ։ Արշավանքին ուղեկցվում էր հռչակավոր հայ Պեստալոցցին, որին աշակերտները «փայտյա, իշխան» են անվանում իրանց մեջ:

«Հառա՜ջ, հառա՜ջ օն անդր, հառա՜ջ», գոչեց հայ Պեստալոցցին «Մեսրոպյան տառերի ճիշտ արտասանությամբ, և աշակերտները մրջյունների պես թափվեցին՝ կարուսելի վրա: