Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նավահանգստի բնակչության համար։ Մենք իջանք այդ սանդուղքով, մտանք մի աղեղնաձև լայն փողոց: Այդ վերջին փողոցն է դեպի ծովափը, այնուհետև ամբողջ նավահանգստի երկայնությամբ բարձրանում է «էսթակադան» երկաթուղու բեռնակիր գնացքների համար կառուցված կամուրջը: Գիշեր-ցերեկ այո հսկայական կամուրջի վրայով սուլելով անցնում են շոգեկառքերը, քարշ տալով վագոնների երկայն շարֆերը, իսկ ներքև բազմաթիվ կամարների տակով անցուդարձ են անում բեռնակիր սայլեր, նավաստիներ, բանվորներ։ Այդ մի աղմկալի վայր է, մի բարդ հանգույց ծովային և ցամաքային կյանքերի միջև։ Շոգենավերի թանձր ծուխը, նավաստիների կոշտ ձայները, էսթակադայի խուլ թնդյունները գնացքների ծանրությունից, կայարաններում կուտակված քարածխի փոշին՝ այո բոլորը ընդհանուր առմամբ անսովոր մարդու վրա ճնշող տպավորություն են գործում։

Իցկո Մարգուլիսը մեզ առաջնորդեց քարածխի փոշով ծածկված փողոցի խորքը։ Երբ եկեղեցուց հեռացանք երկու հարյուր քայլ, դեպի աջ, մեր առջև բացվեց օղետների, ստորին տեսակի թեյատների ու պանդոկների մի ամբողջ ավան։ Այստեղ էր վխտում նավահանգստի բնակչության մեծ մասը։ Պանդոկներից լսվում էին հարմոնիայի և ռուսական ողորմելի բալալայկայի հնչյուններն ամբոխի աղաղակների, երգերի, գոռում-գոչյունների, հիշոցների ու անեծքների հետ։ Նրանք, որոնք ժամանակ ու միջոց ունեին, ուտում, խմում ու հարբում էհն պանդոկներում, վայելելով էժանագին հուրիների ընկերության հաճույքը։ Իսկ նրանք, որոնք միմիայն խմելու համար փող ունեին, մտնում էին «Մոնոպոլի» կրպակները: Այստեղ վերցնելով կնքված շշերը՝ դուրս էին գալիս փողոց և բովանդակությունը դատարկում իրանց բերանները։ Օղին արգելվում է խմել «Մոնոպոլի» կրպակներում, ուստի հարբեցողությունը, որ առաջ քիչ թե շատ ամոթ ուներ և թաքնվում էր օղետների պատերի մեջ, այժմ թագավորում է փողոցում ամենայն համարձակությամբ։ Եվ ահա նրա ողորմելի զոհերը թավալված են կրպակների առջև, մայթերի վրա, փողոցի մեջտեղում սայլերի ու կառքերի տակ շարժվելու վտանգին ենթակա։