Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա, տրագիկ-դերասանի դիրք ընդունելով, աղաղակեց. «Ժոդով»։

— Փահ, խեղճ ողորմելի, դո՞ւ էլ վարակվեցիր,— գոչեց պուլվերիզատորը նրա ճակատին ուղղելով,— դո՛ւրս, դո՛ւրս։

Եվ հայտնվեց, որ բարեկամս վարակվել է իր խմբագրից, իսկ այդ խմբագիրն էլ վարակվել է մի ուրիշ խմբագրից։ Այժմ մամուլի բոլոր ներկայացուցիչները վարակված են «ժողովով»։ Գլխավոր բացիլ տարածողներն են «Արձագանքի» խմբագիր Աբգար Հովհաննիսյանը և «Нов Обоз.» լրագրի աշխատակից Նիկոլայ Նիկոլաձեն, որոնք անցյալ տարի եռանդով կռվում էին խոլերայի դեմ։

Կատակը մի կողմ, ամբողջ Թիֆլիսը այսօր «ժողովներ», «մասնաժողովներ» և «հանձնաժողովներ» կազմելու փորացավ է ընկել։ Ամենքը խելագարվում են ժողովելու համար կամ ժողովվում են խելագարվելու համար։ Չգիտեմ այս բոլորի վերջն ինչ կլինի։