Անցյալ կիրակի, ճիշտ այն միջոցին, երբ «Կավկազ» հյուրանոցում մեր խմբագիրները ոգևորված խոսում էին «ազգերի փոխադարձ համերաշխության» մասին, կլուբի դահլիճում քննվում էր այդ խմբագիրներից երկուսի «փոխադարձ ջամբազության» հարցը։
Ժողովը բազմամարդ էր և բաժանված երկու կուսակցության, որոնցից մեկի պարագլուխն էր Նապոլեոն Ամատունին։ Կորզյալ իշխանազնը օգնության էր կանչել երկու ինժեներներ Պարոն Պ. Բաբայանին և Գրիգորյանցին: Այդ ինժեներները աշխատում էին կամուրջ շինել մի անդունդի վրա, որ փորված էր ջամբազներից մեկի ոտների տակ։ Բայց կամուրջը չհաջողվեց. ջամբազը գլորվեց, իր հետ մղելով և ինժեներներին։
Ես սկզբից մինչև վերջը ներկա էի այդ տեսարանին և բոլորովին հևացած մնացի կլուբի հռետորների ճառերից։ Ժողովին պետք է նախագահեր Սենեքերիմ Արծրունին, բայց որովհետև նա շատախոսության թշնամի է և մի բնածին հակակրություն է զգում դեպի բոլոր ճառախոսները, ուստի նախագահ ընտրվեց Ղարաբազի անանուն մելիքներից մեկի թոռը։
Ինչևէ, ժողովն աղմկալի էր։ Զննվում էր այն հարցը, թե քանի որ խմբագիրները իրենք կրթել չգիտեն, ո՞վ պետք է նրանց կրթի։ Ժամանակակից գլադիատորների hովանավոր
Ալեքսանդր Շիրվանզադե, I երկերի ժողոված-ւ, V-26