Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[ՑԵՆԶԸ ԵՎ ՄԱՐԴԸ]

Քաղաքային խորհրդի առաջիկա ընտրությունները ամենքի միտքը կլանել են։ Մարդիկ ոչնչով չեն ուզում զբաղվել, բացի այդ ընտրություններից։ «Ժողով» ասված ախտը շարունակում է զոհեր տանել։ Վա՜յ ինձ, վա՛յ ինձ, ես էլ վերջապես վարակվեցի։ Բայց ինչպե՞ս։ Ես ուզում եմ քաղաքային ձայնավոր դառնալ։ Այո՛, բավական է, որքան ձայնս փորումս պահեցի, պե՛տք է վերջապես աշխարհ դղրդեցնեմ։

Պրոպագանդան վաղուց սկսել եմ։ Անցյալ կիրակի երեկոյան քաղաքիս «Կալիվչայա Բալկա» ասված թաղում ընտրողների ժողով կար։ Ես էլ կանչված էի։

— Կկամենա՞ք ձայնավոր լինել,— հարցրեց ինձ մի արխիվարիուս, հենց որ ներս մտա։

— Այո՛, շատ ցանկանում եմ։ Բայց ցենզ չունեմ։

— Այդ ոչինչ, կգտնենք,— պատասխանեց արիխվարիուսը,— իմ կնոջ մոր քույրը, պառավ Անաստասիան, ունե, քեզ կկարգենք խնամակալ։

Ես ուրախացա, անունս մտցրին «Կալիվշայա Բալկայի» ցուցակը։ Վազեցի մամուլի ներկայացուցիչների ժողովը, որ այնտեղ էլ աշխատեմ անունս ներս խրել։ Հավաքվել էին մոտ 20 խմբագիրներ և աշխատակիցներ, որոնցից երկուսը միայն ցենզ ունեին։ Ես հայտնեցի, որ ուզում եմ կանդիդատ գրվել։ Ինձ ուղարկեցին մյուս սենյակ, որ իմ մասին կարծիքներ հավաքեն,