Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Թ Ա Մ Ա Շ Ա]

Հարգո խմբագիր, դուք ինձ առաջարկում եք նկարագրել այն օպերետային ներկայացումը, որ անցյալ մարտի 22-ին տեղի ունեցավ Թիֆլիսի քաղաքային խորհրդարանի դահլիճում, հօգուտ, ներողություն, ի բարոյական անկումն Հայոց հրատարակչական ընկերության։ Ճշմարիտն ասած, մեծ պարտք եք դնում ինձ վրա, դա մի դժվար գործ է։ Բայց կփորձեմ կատարել այդ պարտքը և կաշխատեմ նկարագրել այդ երևելի հանդեսը ֆոտոգրաֆիկական ճշտությամբ, եզրակացությունները թողնելով ընթերցողներին։


Օրը շաբաթ էր, երեկոյան յոթ ժամը։ Ես կատարում էի իմ սովորական զբոսանքը Գոլովինսկիյ պրոսպեկտում։ Մեկ էլ տեսնեմ դեմուդեմ վազում է Կոլոլ թաղի պատվավոր քաղաքացի խարազ Սորղիսի տղա հաստափոր, հաստավիզ, է՜հ, թող չնեղանա բարեկամս, մի քիչ էլ հաստագլուխ Գևոն։ Պետք է ասած, որ այն օրից, երբ Գևոն ապօրինի ճանապարհով ուրիշների բիձայից ժառանգություն է ստացել, այլևս նրան չեմ հանդիպում իմ բարեկամ տներում, ուր նա սովորաբար գալիս էր ձրի ճաշեր և ընթրիքներ անուշ անելու։