Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բարով, Գևո ջան, էդ ո՞ւր ես շտապում,— հարցրի ես, տեսնելով բարեկամիս քրտնած և հևալով։

— Գնա՛ կորիր, քո գլուխը չունիմ,— պատասխանեց Գևոն, ինձ մի կողմ հրելով և ինքն առաջ վազելով։ Թե Գևոն իմ գլուխը չունի, այդ ևս վաղուց գիտեի, վասնզի նա իսկի գլուխ էլ չունի, բայց դարձյալ հետաքրքրվեցի, որ իմանամ նրա այս անգամվա գլուխ չունենալու պատճառը։

— Մուլա՛փ, թե ախպեր ես,— հարցրի,— էլի ի՛նչ է պատահել։

— Էն է պատահել, որ դուն ռենեգատիս։

— Վա, վա, Գևո ջան, էդ ինչ խուրը տկեմեն իս դուրս տալի. ռենեգատս վուրն է։

— Ռենեգատն էն է, վուր ինքը քելեխ չի սիրի ու ուրիշի գլխին էլ հարամ կոնե։ Մի գնա, էէ՜, ձլիվ փուրս կշտացել է, էկիլ իք ու կերածս գլխիս հառամ իք անում։ Դուն ռենեգատ իս, դուն ազնիվ ու մաքուր գործիչ չիս։

— Հասկացա, իժո՞ւմ։

— Իժում, էլ ինչ իժում։ Իժումն էն է, վուր էս իրիկուն քիզ ու քիզ նմաններին պիտի սիվցնինք, վունց որ դուն իս մեր երիսը սիվցնում խալխի առաջ...

— Ի՞նչ սիվցնիլ, ի՞նչ իս ասում։

— Ընտրություն է, բաս չի՞ս իմացի, աբա թե ղոչաղ իս, արի հետս ու միր սիվ կենճիքը համբրի։

Ասաց բարեկամս ու վազեց դեպի Թիֆլիսի քաղաքային խորհրդարանի դահլիճը։ Ես մատս կծեցի ու հետևեցի նրան։ Մտնում եմ դահլիճի նախասենյակը և ի՜նչ եմ տեսնում։ Մեջտեղ կրակ բռնածի պես դեսուդեն է վազում օրվա հերոս սև Սանդրոն։

— Սանդրո ջան, վո՞ւնց ին միր բանիրը,— շնչասպառ գոչում է Գևոն։

— Դիփունանցն էլ բերիլ իմ,— պատասխանում է Սանդրոն հանդիսավոր եղանակով։

Գևոն փաթաթվում է Սանդրոյի վզին, ու պաչպչվում են։ Նայում եմ շուրջս և սարսափում։ Գլուխս սկսում է պտույտ գալ՝ ղանձիլի, սոխի, սխտորի, թթու դրած բոխու հոտից։ Լսում եմ բղկոցների, օրոշտալու ձայներ, և ինձ թվում է, թե