Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վեր կացավ քելեխասերների թշնամին և, փորը ծիծաղից բռնելով, նկարագրեց քելեխբաշիի գինեվաճառների օյին բազմությունը և ցույց տվեց ֆարս հնարողի անշնորհքությունը։

— Կորչի վարչությունը, կորչի նրա նախագահը, ամո՜թ նրանց,— բացականչեց վերնահարկի հասարակությունը, որի վրա մեծ հույսեր ունեին կլոունները։

Այստեղ պատահեց մի չտեսնված, չլսված, մի անբնական բան, որտեղից որ է քելեխբաշիի մեջ զարթնեց մի տարօրինակ զգացում—ամոթի զգացումը։ Նա մի քիչ գունատվեց, բայց միայն մի քիչ, հետո է՛լ ավելի առատությամբ սկսեց յուղ հոսալ նրա կարմիր երեսից և դեղին աչքերից։

Գրականները և թաշկինակավոր տիկիններն ու օրիորդները բարձրաձայն ծիծաղում էին։ Շկափչիկը բարկացավ նրանց վրա և կամեցավ մի սոսկալի հայացքով զսպել նրանց։ Սակայն իզուր. ծիծաղը քանի գնում սաստկանում էր։ Այն ժամանակ շկափչիկը ոտքի կանգնեց և, ձեռը ուժգին զարկելով սեղանին, գոչեց.

— Ի՞նչ եք ծիծաղում, ես այդ դոկումենտները «Տարազում» չէի կարդացել, ծուլություն էի արել։

Գրացիան բռնեց նրա փեշից և ականջին շշնջաց.— Խեչո, սուտ մի՛ ասիլ կարդացել ես դու բոլորը կարդում ես, ինչ որ գրում են «Տարազում»։

— Սուս, քո բանը չի, կլումբոզ,— զսպեց նրան Խեչոն,— այո՛, ես ծույլ չեմ, բայց ժամանակ չունեմ, ես զբաղված եմ Բիսմարկի և Սոլիսբրիի հետ նամակագրությամբ։ Ներկայումս խորհրդակցում ենք Կրետեի հարցի մասին։ Բայց ես կասեմ ձեզ, որ պետք է գրպարտել, ներողություն, դատապարտել այդ անիծյալ ռենեգատին։ Գիտե՞ք ինչու (լսեցեք, լսեցեք), որովհետև նա հանդգնում է իմ մասին գրել, թե ես իբր քելեխասեր եմ։ Այնինչ` ձեզ հայտնի է, ես ով եմ (ծափահարություննեը աջակողմյաններից, շվոցներ ձախակողմյաններից)։ Հարկավոր չէ երկար խոսել. նայեցեք ձախ երեսի անջնջելի վերքին (լսեցեք, լսեցեք), նայեցեք այս ժետոնին (սարսափ աջակողմյանների մեջ), կարդացեք «Ռազմագիտական կրկնակի նահանջը Սպանդարյան ճակատամարտից»