Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անվանարկող» ածականը: Պետք է իմանալ` ճի՞շտ է դրոշմել, թե մի քիչ սխալվել է։

— Բայց այդ այսօրվա հերթական հարցերի մեջ չկա, դա կանոնադրության դեմ է, ապօրինի է,— ընդդիմացան գրականները։

— Պատերազմական դրության ժամանակ,— խոսեց շկափչիկը,— օրենքները խախտվում են և գործս դրվում են բացառիկ կանոններ։ Հարկավոր է դատապարտել այն ռենեգատին, որ մեր գլխին հառամ է անում մեր քելեխը։

— Բայց բարոյական օրենքներ կան, որ պետք է հարգել,— ասացին գրականները,— ոչ մի պատերազմում ընդունված չէ թշնամու վրա հարձակվել քամակից, այն էլ հարյուրով մեկի դեմ։ Եթե ուզում էիք այդ հարցը քննել, պետք է ձեր թշնամուն նախազգուշացնեիք։

— Ի՞նչ եք երկարացնում, կարդացե՛ք դոկումենտները,— գոռաց մի գինեվաճառ, որ գյուղացի այգետերերի գինիները գնելիս միշտ դոկումենտներով է օգտվում նրանց բերքերից։

— Դոկումենտները, դոկումենտները,— գոռացին մյուսները։

— Հա, դոխտուրները, դոխտուրները կարդալ,— բղավեց Սանդրոն։

Քելեխբաշին (իմա ֆարսի հեղինակ Նամալյանը), երեսի յուղը սրբելով, ոտքի կանգնեց և կարդաց այն «դոկումենտները», որ պետք է, ըստ ասության Վանոյի, ջարդուփշուր անեին քելեխակերների թշնամուն։ Կարդաց զգացված, ոգևորված։ Բանից երևաց, որ այդ «դոկումենտները» դեռ ամիսներ առաջ քելեխակերների թշնամին, ինքն իր ստորագրությամբ տպել է «Տարազում»։ Իսկ այժմ տաղանդավոր կլոունները նրանցից մի ֆարս են շինել և խաղում են վերնահարկի առջև։

— Այդ խոմ հին բան է,— գոչեցին շատերը հիասթափված, ոչինչ չգտնելով դոկումենտների մեջ, բացի այն, որ վարչությունը զրպարտել է քելեխակերների թշնամուն։

— Այս ք՞իչ բան է, քի՞չ բան է,— տաքացավ քելեխբաշին։

— Այո՛, շատ է, շատ-շատ է ձեր անամոթությունը ապացուցելու համար,— գոչեցին ոմանք: