Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՃՈՒՐԴ

(Բաքվի կյանքից)

Նոյեմբերի 15-ը Բաքվի համար պատմական էր։ Մի շաբաթ առաջ արդեն քաղաքը լեցվել էր եկվորներով։ Հյուրանոցներում ազատ սենյակներ չկային։ Երեկոները ժողովարանի ընդարձակ դահլիճներում ասեղ գցելու տեղ չկար։ Երևում էին զանազան ազգերի, կրոնների, երկրների ներկայացուցիչները։ Կովկասի բոլոր քաղաքներից եկել էին հեշտ հարստանալու ջերմ փափագ ունեցողները: Եկվորների մեջ տիրապետող տարրը կազմում էին թիֆլիսեցիները։ Ինձ հետաքրքրում էր միմիայն նրանց հոգեբանությունը։ Լսել եմ, որ նրանք կազմել են մոտ յոթ ըկերություններ, միմյանցից մեծահնչուն ու մինչև անգամ քաղցրահնչուն անուններով՝ «Թնդանոթ» «Կապանք», «Ջանավար» և այլն ավելի զոռբա անուններ։ Ուզում եմ իմանալ ովքեր են այդ սոսկալի մարդիկ, որ կազմել են այդ ընկերությունները։ Պտտում եմ կլուբի սենյակները։ Ամենուրեք ծանոթ դեմքեր։

— Ըհը, Մաթո՛ս, դո՞ւ էլ ես այստեղ,— հարցնում եմ իմ վաղեմի ծանոթներից մեկին, որի գրպաններում միշտ մկներ էին խաղում, քանի գոնե ես Թիֆլիսում էի։ Տեսնում եմ Մաթոսս հպարտացել է, բարևիս ակամա է պատասխանում։ Դու մի ասա, մարդը ընկերություն է կազմել և ուզում է նավթարդյունաբեր դառնալ։

— Եկել եմ աճուրդին մասնակցելու, — հազիվհազ պատասխանում