Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է Մաթոսը, աշխատելով իր նիհար մեջքից կպած փորը դուրս ցցել, որպեսզի տեսնողները չասեն, թե այդ փորը, եթե կամենա, չի հաստանալ ու տկճոր դառնալ։

— Բայց դու և աճո՜ւրդ։

— Ի՜նչ կա, որ զարմանում ես։

— Ախար փող է հարկավոր։

— Մեր ընկերությունը իրեն դրամարկղում արդեն ունի 60 հազար, եթե կամենաք կարող է գումարը հասցնել վեց հարյուր հազարի։ Դու ինձ նավթահող տուր, նավթահող․․․

— Բայց ինչպե՞ս եք հավաքել։

— Հավաքել ենք, էլի։

Մաթոս ախպերը չէ բացատրում, բայց ես իսկույն ուրիշներից իմանում եմ գաղտնիքը։ Բանից երևում է, որ ախպար Մաթոսը մեղրավաճառ Առաքելի, փայտավաճառ Թաթոսի հետ կազմել է ընկերություն. տպել է լրագրերում հայտարարություն և բերանացի համոզել Թիֆլիսի մսավաճառներին, խարազներին, դերձակներին, բախալներին, կոշկակարներին, ածխավաճառներին, որ համաձայնեն վերջապես մի ամսում միլիոնատեր դառնալու, ընկերության դրամարկղը մտցնելով միմիայն հնգական ռուբլի։

Փորձը աջողություն է ունեցել, դյուրահավատ թիֆլիսեցիները գրվել են «Ջանավար» ընկերության անդամ, տալով նրան իրենց վերջին կոպեկները։ Եվ Մաթոսը Առաքելի ու Թաթոսի հետ այդ փողերով եկել են աճուրդին մասնակցելու, հող վերցնելու, նավթահանք բանալու։ Այն վարդագույն հույսով, որ իրանք պիտի դառնան... Դիրեկտորներ։

— Չէի իմանում, որ այդքան ղոչաղ ես, Մաթոս ջան,— հայտնում եմ զարմանքս բարեկամիս և մոտենում ուրիշներին։

Գրեթե բոլոր թիֆլիսեցիները հին բարեկամներս են կամ գոնե ծանոթներս։ Նրանց մեջ կան և՛ վարկ ունեցող վաճառականներ, և՛ ինժեներներ, և՛ նախկին ազատամիտներ, ուսուցիչներ, և՛ լրագրի թղթակիցներ, և՛ տիրացուներ, մի հատ էլ ժամհար, ով ասես։ Ես չգիտեմ, որին բարևեմ, որի քեֆը հարցնեմ՝ այնքան շատ են։

Ճարահատյալ բոլորից հեռանում եմ, մի անկյունում կանգնում ու դիտում։ Ինձանից ոչ հեռու կանգնած են երկու