Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շամախեցիներն ու ղարաբաղցիները սկսում են իրանց փոխադարձ ծաղրը, ըստ հին սովորության։

— Քնի, քըմատսղ, քնի, փլավը պրծավ,— կատակում է ղարաբաղցին,— պապիդ մռլահացը։

— Շնորհակալ ամ,— պատասխանում է շամախեցին,— փորս երկու կերակուրի սորված չէ։ Մինն ուտում ամ, կուշտ ամ։

Այս պատասխանի մեջ երևում է շամախեցու անփութությունը դեպի իր շահերը, ծուլությունն ու քիչով գոհ լինելու հատկությունը։ Այս է պատճառը, որ նա նյութապես ետ է մնացել իր ղարաբաղցի հայրենակցից։

Կես ժամ ևս, և ահա, վերջապես, աճուրդի գներն սկսում են կամա-կամաց հայտնվել։ Մասնակցողները այլևս գաղտնի չեն պահում իրանց տված գները։ նայում եմ թիֆլիսեցիներին, և ի՛նչ փոփոխություն։ Չկա այլևս առաջվա հուզումը, աղմուկը։ նրանք համարում են իրանց արդեն հաղթված։ Ի պատիվ նրանց պիտի ասել, որ գներ նշանակելում եղել են համեմատաբար համեստ, չեն կամեցել անփող թիֆլիսեցիների վերջին գրողները վտանգի ենթարկել։ Լսվում են չտեսնված գներ, գներ, որ զարմանք են հարուցանում հմուտ նավթարդյունաբերների կողմից: Միայն մի թիֆլիսյան ընկերության, այն էլ կարծեմ ամենից աղքատը, մի կտոր հողի համար տվել է մի այնպիսի գին, որ ընկերության դրամագլուխը ծովը գցած պիտի համարել։ Բայց այդ ընկերության մասին կգրեմ ուրիշ անգամ, զգուշացնելու համար նրա բաժնատերերին ապագա փորձանքից։

Առաջին օրը կարողացան բանալ հազիվ 30 ծրար։ Մյուս օրը աճուրդը տեղափոխեցին ժողովարանի շինությունը: Այստեղ այնքան ընդարձակ էր, որ մարդիկ երկյուղ չունեին իրանց կողերը ջարդվելուց։ Եվ իրավ աճուրդի երկրորդ և երրորդ օրերը այլևս չկրկնվեց առաջին օրվա անկարգությունը։ Վերջապես, կրքերն արդեն բավական հանդարտվել էին։

Դժբախտաբար, Ժամանակս չի ներում նկարագրելու այն բոլոր բնորոշ դեպքերը, որ տեղի ունեցան այդ երեք օրվա ընթացքում։ Կարելի է ասել, որ Բաքվի աճուրդը այս անգամ ներկայացնում էր մարդկային բոլոր բացասական հատկությունների