երիտասարդը,— Ապրիլ Կենցաղյան, ձեր հաջորդը և դատավորը։
Մարտ: Դատավո՞րը։
Ապրիլ: Այո՛, պարոն, շտապիր զեկուցանել ի՞նչ կա, ի՞նչ չկա այդ փոսում։ (Ցույց է տալիս ներքև տարածված քաղաքը)։
Մարտ: Ամեն ինչ կարգին է ձերդ պայծառափայլություն։ Քաղաքային խորհուրդը շարունակում է ջուր ծեծել։ Մամուլի սակավարինությունը սաստկացել է, հիմա ափիոն է ընդունում գիշերները քնելու համար։ «Իվերիա» շարունակում է հայերին ատել։ Հայերը շարունակում են նրան ապացուցանել, որ երկու անգամ երկու տանձի կոթ չէ։
Ապրիլ: (Խրոխտ) Իսկ դո՞ւ ինչ արիր։
Մարտ: (Շփոթվելով ու քթի ծլլոցը սրբելով)։ Ե՞ս... ես էլ արի, ձերդ պայծառափայլություն, ինչ որ կարող էի անել։
Ապրիլ: (Բարկանալով)։ Գլուխդ քարերին տվեցիր, որ արիր։ Հիմար, արբշիռ, գիտեմ ինչեր ես արել: Դաշն կապելով այդ փետրվար անունով քավթառի հետ, տակնուվրա արիր ամբողջ քաղաքը։ Գնա տես, գրասեղանս լցվել է բողոքագրերով։ Ամենքը գանգատվում են քո դեմ, մանավանդ Վերայի և Օրթաճալի այգետերերը...
Մարտ: Սուտ են ասում, ձերդ պայծառափայլություն, այդ թիֆլիսցիները շատ կլյաուզնիկներն են, ամեն բանից գանգատվում են։ Զրպարտիչներ են և ամեն մեղք ինձ վրա են գցում։ Ես իմ իրավունքների սահմանից չեմ անցել:
Ապրիլ: Անցել ես անիրավ, շատ ես անցել։ Դու չէի՞ր, որ ամեն օր հարբում էիր, սրա ու նրա լուսամուտները, դռներն ու կտուրները փշրում, այգիները քարուքանդ անում, սայլերը շուռ տալիս, վիվեսկաները ջարդուփշուր անում...
Մարտ: Օրամեջ եմ հարբել...
Ապրիլ: Այո, որովհետև մի օր հարբելով, մյուս օրը С похмелья ուժ չունեիր նորեն հարբելու ու դեմքդ թթվեցնում էիր։ Ասա, անիծյալ, պառավի այծերից քանի՞սն ես կոտորել։
Մարտ: (Գլուխը կրծքին թեքելով)։ Բոլորը։
Ապրիլ: (Բարակ ձեռնափայտը բարձրացնելով)։ Ա՜յ դու ճպռոտ շուն, քոսոտ կատու, Ասորեստանի մուկ, Բաղեշի բաղլինջ,