զուր չեն ամենքը քեզանից զզվում ու անհամբեր սպասում ինձ, որ գամ ու քեզ մի լավ քոթկեմ... դե կեր, անիծյալ աղվես... (Ծեծում է)։
Մարտ: (Մեջքը բռնելով)։ Այ, այ, հերիք է, լավ, գնում եմ...
Ապրիլ: (Շարունակ զարկելով)։ Կաց, մի լավ դնգսեմ, հետո կորիր: Այո՛, այո՛, բոլորը գանգատվում են քեզ վրա. բոլորին զզվեցրել ես...
Մարտ: (Հանկարծ խրոխտանալով, աչքերը պսպղեցնում է)։ Պոժալստա, շատ էլ համը մի՛ տանիր։ Դու ով ես, որ պարծենում ես։ Այո, դու ով ես, որ ես քեզ Ձերդ Պայծառափայլություն ասացի, կարծում ես վախենալո՞ւց։ Եղուկ... Ուզում էի քեզ պատիվ անել, չհասկացար։ Որ տեղն եկավ, ես էլ իմը կանեմ, դու ինձանից ավելի վնասակար ես ու ավելի զզվելի... Բա՛ս...
Ապրիլ: Այդ ի՞նչպես, անիծյալ, ի՞նչպես ես հանգգնում... (Ուզում է զարկել ճիպոտով)։
Մարտ: (Ճիպոտը խլելով, կոտրում է ու դեն գցում): Լսիր, եթե մարդ ես։ Դու չէի՞ր, որ անցյալ տարի մի աղջկա խելքից հանեցիր այնպես, որ խեղճն իրան գցեց Քուռ գետն ու խեղդվեց։ Դու չէի՞ր, որ այն գիմնազիստին սիրահարեցնել տվեցիր երեսունհինգ տարեկան կնկա վրա ու ստիպեցիր հարբեցողություն անել։ Դու չէի՞ր, որ միայն հինգ օրվա մեջ յոթ ընտանիք քայքայեցիր այս փոսում (ցույց է տալիս քաղաքը), մարդկանց սիրահարեցնելով շանսոնետկաների վրա, իսկ կանանց գցելով եկվոր դերասանների գիրկը: Անիծյա՜լ, ես քո չափ հանցանքներ գործե՞լ եմ երբևէ։
Ապրիլ: Զրպարտում ես, քավթառ շուն, այդ օրիորդին, գիմնազիստներին և մյուսներին խելքից հանողը ես չէի, այլ Բանաստեղծությունը, Թատրոնն ու Երգեցողությունը...
Մարտ: Գնա դեն, է՛, դուք բոլորդ միմյանց արժեք, մանավանդ այդ Բանաստեղծությունը, որի հետ դուք միշտ սիլի-բիլի եք անում։ Սպասիր գնամ Ահեղ Դատաստանին բացատրեմ բոլորը, որ ամենքիդ էլ աքսորի Իրկուտսկ...
Ապրիլ: Ոչ ոք չի կարող մեզ աքսորել Իրկուտսկ, անիծյալ... Դա քո տեղն է։