Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, երկար մնալ չեմ կարող... Գնա բանիդ, գժվեցրու ամենքին, գիմնազիստուհիներին Քուռը գցել տար, կինտոներին կռվեցրու, ապագայի համար մի դյուժին ապահարզան պատրաստիր. օյինբազ... Գնա, ամենքն սպասում են քեզ...


Ապրիլ: Այո, այդ ես առանց քո ասելու էլ գիտեմ, որ ինձ անհամբեր սպասում են: Ինձ ամեն տեղ սպասում են անհամբեր, ամենքը սիրում են, ամենքը ժպտում են, ծիծաղում, զվարճանում ինձ հանդիպելիս.

Մարտ: Ո՞նց չէ, քո հորն օղորմի: Կան մարդիկ, բարեկամ, որ քեզ հանդիպելիս ուղղակի սուգ ու շիվան են բարձրացնում:

Ապրիլ: Այդ տեսակ խենթեր չկան:

Մարտ: Կան, կարող ես շատ էլ չպարծենալ, կամ ա՛յ, հենց այս հոտած փոսում:

Ապրիլ: (Հեգնաբար)։ Կկամենայի իմանալ նրանց անունները։

Մարտ: Կարող եմ ասել: Դու լսե՞լ ես հայ բանաստեղծների մասին։

Ապրիլ: Չեմ լսել: Այդ ինչ բաներ են։

Մարտ: Մարդիկ, ուրիշների պես երկու ոտ, երկու ձեռք և մի գլուխ ունեն: Չե՞ս ճանաչում։

Ապրիլ: (Ճակատը տրորելով)։ Ֆրանսիացի, լեհացի, անգլիացի, գերմանացի, ռուս, իտալացի բանաստեղծներ կան և լավ բարեկամներս են, բայց հայ բանաստեղծներ կաց, կաց, կարծեմ մի ինչ-որ այդպիսի բան հիշում եմ...

Մարտ: Այ, հենց նրանք քեզ ատելով ատում են։ Հենց որ երևում ես, իսկույն սուր ցավ ես գցում նրանց փորի մեջ և սկսում են լալ, ողբալ, աղաղակել։ Այ թե որքան ատելի ես նրանց համար։

Ապրիլ: Կհանդիպեմ այս անգամ նրանց, կտնտղեմ. տեսնեմ ինչ տարօրինակ արարածներ են, որ ինձ տեսնելիս վայնասուն են բարձրացնում։

Մարտ: Հետո Բրոմ կամ Ինոզեմցևի կաթիլ ունի՞ս։

Ապրիլ: Այդ ինչո՞ւ համար։

Մարտ: Վերցրու համենայն դեպս, հարկավոր կգա: