Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարտ: Կաքսորեն վերջի վերջո, չարագործներ, կաքսորեն։ Դրա ռեխին մտիկ արեք, պաժալուստա, հագել է կանաչ ֆրակն ու եկել։ Գիտենք չար մտքերդ, ճանաչում ենք։ Տեսնենք այս տարի քանիսին պիտի թունավորես ու սպանես քո քնքուշ սիրային երգերով... Դոն-Ժուան։

Ապրիլ: Սուտ ես ասում, ես վաղուց զզվել եմ սիրո երգ երգելուց, վաղուց ձանձրացել եմ կանանցից։
Մարտ: Սուտ ես ասում, խորամանկ օձ, դու ամեն տարի լիզում ես Վեներայի ոտները, կրքոտ, վավաշոտ ստրուկ...
Ապրիլ: (Կատաղելով): Այ դու քոսոտ շուն, դեռ շա՞տ պիտի հաչես, հերիք չէ՞... (Հարձակվում է ծեծելու)։
Մարտ: Ծեծիր, բայց տեղը եկել է, պիտի ճշմարտությունն ասեմ։ Թողնենք մի կողմ քո սիրային թույնը, որ յոթանասուն տարեկան պառավներին էլ վարակում է։ Քո մյուս արարքների՞ն ինչ անուն տամ, ասա՛։ Դու որ գալիս ես թե չէ, ամենքը գժվում են, չոլերն են ընկնում։ Այ, տես, ներքև նայիր, դեռ տեղ չես հասել, բայց այգիները լքվել են... կանաչ օձ...
Ապրիլ: Ուրախանում են մարդիկ, խոմ չեն տխրում, ինչպես քո հոտած ռեխդ տեսնելիս։
Մարտ: Այո՛, շատ լավ են ուրախանում, ինչ ասել կուզի։ Հարբում են այգիներում, կռվում, ծեծվում, հետո ուչաստոկ ուղարկվում քիթ ու պռունկները ջարդված..
Ապրիլ: Կա՛ց, կա՛ց, քոսոտ աղվես, դու այդպիսի բաներ չե՞ս անում։
Մարտ: Երբե՛ք։ Ես, ընդհակառակը, անձրև եմ բերում, քամի բարձրացնում, որ մարդիկ խելոք նստեն իրանց տանը, իրանց կանանց մոտ, ինչպես օրինավոր ամուսիններ...
Ապրիլ: Սուտ ես ասում, քավթառ։ Դու չէի՞ր, անցյալ օրը մի քանի հոգու, այն ո՞վ էր, կաց, Վանոն, Պողոսն ու Ալեքսին, այո, այն օրը տարար նրանց Վերայի այգիներից մեկը։ Դու չէի՞ր, որ շարմանկա ու զուռնա բերել տվիր, կառապան Իվանին հարբեցրիր ու ստիպեցիր խալաթի փեշերը ֆռֆռացնելով պարել, այն էլ ինչ... շալախո։ Անիծյալ, ո՞վ է տեսել, որ մալականը «շալախո պարի»։
Մարտ: Դե լավ, քիչ կռվենք, ես գնում եմ, շոգն սկսում