Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արժանանան ոչ թե «ՉՔԱՆՇԱՆԻ», այլ շքանշանի։ Այս նպատակով որոշվեց վարչության վրա պարտականություն դնել թատրոնի գանձարանը չքավորությունից ազատելու՝ ժողովարարության միջոցով։

Խատիսյանը հավանություն չտվեց այդ վճռին, երևի, գերադասելով «ՉՔԱՆՇԱՆԸ» շքանշանից։

Այնուհետև սկսվեց պայքարը։ Դերասան Աբելյանը բաց արավ մի մեծ տոպրակ, որ լիքն էր դերասանների դժգոհություններով վարչության դեմ։ Եվ տոպրակից տեղացին մեղադրանքներ՝ մեղարդանքների հետևից։ Պարզվեց, գլխավորապես, որ վարչությունը շատ ինքնուրույն կերպով է վարում մեզնում թատրոնի գործը։ Ես մոռացել եմ Աբելյանի բոլոր ասածները։ Ընդհանուր միտքը այն է, թե վարչությունը մեծ մասամբ տրամադիր է քնելու, քան արթուն մնալու, թե նրա քունը մանավանդ սաստկանում է այն ժամանակ, երբ իսկապես պիտի արթուն լինի, այսինքն ամառը, երբ հարկավոր է պիեսներ ընտրել, խումբ կազմակերպել, թատրոն վարձել և այլն և այլն։

Վեր կացավ տեղից և ուստավը ձեռքին մի առ մի հերքեր Աբելյանի ասածները Տիգ. Հովհաննիսյանը։ Հերքումը նույնչափ պերճախոս էր, որքան և մեղադրանքը։ Թիֆլիսի լուսավորության իշխանը ձեռով իշխանական նշան արավ, որ վեճին վերջ տրվի։ Եվ բոլորը սարսափած լռեցին։ Եվ ոչինչ չպարզվեց: Եվ ես ոչինչ չհասկացա։

Ապա, դուն իս իմ պարունը, սկսվեց ժողովի ամենանշանավոր զբաղմունքը — ընտրություններ։ Պետք էր ընտրել վարչության հերթով հրաժարվող երկու անդամների — պ. պ. Յ. Տիգրանյանի և բժշկապետ Վահան Արծրունու փոխարեն նորերը։ Ժողովը միաձայն խնդրեց պ. Տիգրանյանին շարունակել անդամ և նախագահ մնալու։ Նա համեստաբար մերժեց, բայց վերջ ի վերջո զիջեց ժողովի տրամադրությանը։

Ժողովը վերջացավ ընդհանուրի տկողինակերությամբ, վասնզի ամենքը քաղցած էին։ Շատերը նախագահի բաժանած տկողիները փոխանակ ընտրողական արկղերը գցելու, իրանց փորերն էին գցում։

Նույնը արի և ես։