Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՐԻՉ ԿՐԾՈՂՆԵՐ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԵՐՆԵՐ

Ահա վերին աստիճանի հետաքրքրական տիպարներ։ Արժանի վիպասանի գրչին և նկարչի վրձինին։

Շատ ժամանակ չէ, երևան են եկել այդ տիպարները մեր կյանքում—այն օրվանից, երբ գրականությամբ պարապելը և թատրոնին ծառայելը մի բուռը հայ խենթերի շրջանում պատվավոր բաներ են համարվել։ Բայց արդեն ձուլվել են, կազմակերպվել և այժմ ներկայացնում են գրեթե գեղարվեստական ամբողջություն։

Գրիչ կրծողներ և թատերակերներ։ Ո՞վ չի ճանաչում այդ մարդկանց։ Նրանց կարելի է հանդիպել ոչ միայն Թիֆլիսում, որ նրանց սկզբնական օրրանն է, այլև շատ գավառական քաղաքներում։ Միայն Բաքվում նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակների։

Դա մի ամբողջ դասակարգ է իր բնորոշ գծերով, իր սեփական հարազատ գործերով։ Մի դասակարգ՝ բաղկացած երկու մասերից, որոնցից մեկը կպել է հայ գրականության նիհարիկ մարմնին, մյուսը՝ հայ թատրոնի չոր ոսկորներին։ Երկուսն էլ կրծում են ամենայն համառությամբ։

Գրականությունն ու թատրոնը ամեն վայրկյան թափահարում են իրենց տանջվող մարմինները, ճիգ են անում ազատվելու նրանցից։ Բայց հնար չկա, կրծողները շատ ամուր