են կոխել իրանց ատամները հարստահարվող մարմնի մեջ. ազատվել նրանցից անկարելի է։
Ես բավական ուսումնասիրել եմ այդ դասակարգը: Ընդհանուր առմամբ դա համակրելի է։ Համակրելի իր ձգտումներով և միտումներով։ Եվ ինչ ավելի գովելի ձգտում կարող է լինել, քան կամենալ անձնատուր լինել մտավոր և ազնիվ մի աշխատանքի — օգնել հայ գրականությանը կամ երջանկացնել ապաբախտ հայ բեմը մի նոր ուժով։
Ահա ձեզ մի եռանդով լի բարեսիրտ երիտասարդ։ Նա նոր է ավարտել այս կամ այն միջնակարգ դպրոցը կամ չի ավարտել, այս կամ այն պատճառով թողել է կիսատ։ Նա միջոց չունի բարձրագույն դպրոց անցնելու և չի ուզում դառնալ գործակատար, հաշվապահ, խանութպան, դասատու, արհեստավոր: Նա արհամարհում է այս բոլոր արհեստները: Մինչդեռ ունի աշխատելու փափագ: Կյանքը թրթռում է նրա ամեն մի շարժման մեջ, նրա վառվռուն աչքերը պսպղում են աշխատելու բուռն փափագից: Սակայն արհեստավորի գործիքը կոպիտ է նրա նրբացած մատների համար, գործակատարի պաշտոնը վիրավորական, խանութը ձանձրալի։ Նրա պատանեկական կրծքի տակ բուն է դրել մի վարակիչ ախտ, բոլոր ախտերից զորավորր և սոսկալին — փառք վաստակելու ախտը։ Նրան գրավում է կամ գրականական զբաղումը կամ թատրոնի մթնոլորտը։
«Այս ինչը վայելում է հասարակության լուռ հարգանքը իբրև հեղինակ, այն ինչը ամեն օր արժանանում է ամբոխի ծափահարություններին իբրև դերասան, ինչո՞ւ ես էլ չփորձեմ իմ ուժերը», մտածում է սոսկալի ախտով վարակվածը: Եվ ահա տեսնում ես նրան կամ խմբագրատների շուրջը պտտելիս, կամ կուլիսների հետևում բեմի եզրերը հոտոտելիս։
Ես նրան հաճախ հանդիպում եմ Գալավինսկիյ պրոսպեկտի վրա։ Կռնատակին գրքեր, գրպանները լի լրագրերով, երեսը գրեթե անլվա, մազերը կեղտոտ, վերարկուի օձիքը վեր և գլխարկի եզրերը վար քաշած, եղունգները կեղտոտ, փողկապը յուղոտ, կոշիկների կրունկները ծռծռված։ Սկզբում նրա դեմքը պայծառ է, քայլվածքը համարձակ: Բայց այդ միայն