սրբապղծելով մեծագույն վարդապետի անունը։ Նազիմյան, կատարյալ տիպ ես, Նազիմյան,— տիպ: Ահ, ցավում եմ, որ ևս մի մեծ վիպասան չեմ, ինչպես քեզ կանմահացնի իմ գրչով: Դու տիպ ես հավիտենական, եղել ես, կաս և լինելու ես միշտ աշխարհի բոլոր կողմերում և ինչ պայմաններում ևս լինես: Ոչ մի քաղաքական, կրոնական կամ օրենսդրական կանոններ քեզ չեն կարող փոխել,— կփոխվի քո հագուստը, բայց հոգիդ, էությունդ կմնա, վասնզի անմահ ես, ով ազրահիլի ծնունդ...»:
Գեղարվեստական բարձր որակ բերող այսպիսի շատ փոփոխություններ կարելի է տեսնել պատմվածքի վերջնական հեղինակային հրատարակության և մշակված օրինակի մեջ:
«Ընկերներ»-ը զետեղվել է ռուսերեն լեզվով լույս տեսած Շիրվանզադեի երկերի բոլոր հատընտիրների մեջ և հայկական նովելների առաջին գրքում, սկզբում «Товариши» (1947 թ.), ապա «Приятели» վերնագրով։
ԳԱՂԱՓԱՐԻ ԳԵՐԻՆ
Առաջին անգամ տպագրվել է 1904 թ. «Լումա» ամսագրում ( № 6, էջ 5-22), երկրորդ անգամ՝ 1912 թ. չորսհատորյակի չորրորդ հատորում: Երրորդ անգամ հրատարակվել է ութհատորյակի 5-րդ հատորում. այս հրատարակության մեջ կան փոփոխություններ, հերոսի հոգեբանությունը ամբողջացնող նոր երանգներ, լրացումներ, որոնք պատմվածքը դարձնում են հոգեբանորեն ավելի համոզիչ։
ՋՀՈՒԴԻ ԱԿԱՆՋԸ
Այս պատմվածքը գրվել է 1905 թ, հրեական ջարդերի և առհասարակ ցարիզմի կողմից հրահրված ազգամիջյան կռիվների թարմ տպավորությունների տակ: Տպագրվել է 1906 թ. հունվար ամսին «Արշալույս» լրագրում (№X 5 — 9),
Երկրորդ անգամ լույս է տեսել 1911 թ. առանձին գրքով, «Ցավագար»-ի հետ միասին։
«Ջհուդի ականջ»-ում շատ որոշ է արտահայտվել հայ դեմոկրատ գրողի խոր ատելությունը ցարիզմի ռեակցիոն և խարդախ ազգային քաղաքականության նկատմամբ։ Դեռևս Փարիզ մեկնելուց առաջ, Շիրվանզադեն հայ և թուրք ազգաբնակության կողմից ընտրված հաշտության մասնաժողովի անդամներից մեկն էր: Հայտնի է, որ նա է գրել ժողովուրդներին ուղղված հաշտության կոչը, որ թարգմանվել է նաև ադրբեջաներեն և ռուսերեն։ Այդ կոչի մեջ պահանջ է դրվում վերջ տալ «անմիտ, եղբայրասպան կռվին»։ Ավելին, այնտեղ ակնարկվում է նաև անհայտ չար ոգու մասին, որ տարածում է փոխադարձ ատելություն. «...Ահա մի քանի ժամանակ է, որ Կովկասի զանազան տեղերում մուսուլմանների և հայերի մեջ սկսվել է ցավալի թշնամություն։ Մի ինչ որ անհայտ չար ոգի (ընդգծումը մերն է. Հր-Թամր.) այս երկու ազգությունների մեջ տարածում է փոխադարձ ատելություն և աշխատում է նրանց բաժան-բաժան անել...»: Բացի այդ, «Կյանքի