Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անունով նրանք դատապարտվել են այրման։ Այսպես էր և՛ Լևոնը։ Անհուն տանջանքների բովում նա դեռ պաշտում էր յուր իդեալին, որովհետև դա նրա միակ աստվածուհին էր։

Նա զսպեց հեծկլտանքը, սրբեց արցունքը, ոտքի կանգնեց գդակը վերցնելով։

— Պետք է շնորհավորել սինյորա Ստեֆանիային,— ասաց։— Բայց այժմ ուշ է... վաղը... Ներողություն, սինյոր, Լուիզայի համար չէի լալիս... Հոգնած եմ... Գիտեք... գիտեք... Լուիզան զուր է ամուսնու հետ գնում Պարիզ... Կավալլարոն գնում է յուր ձայնն ավելի մշակելու... Լուիզան յուր ապագան կզոհի նրան... Բայց ի՜նձ ինչ․․․ի՜նձ ինչ․․․

Քանի մի րոպե նրան պաշարեց անձնասիրության և ամոթի զգացումը։ Նա շփոթվեց յուր թուլությունից, արտասուքից։ Շփոթվեց այնպես, որ երեսիս չէր ուզում նայել: Վերցրեց մի քանի անգամ մանդոլինան աննպատակ, հետ դրեց, գլխարկը ձեռքին սկսեց փնտրել նրան, ծիծաղեց կեղծ, անբնական ծիծաղով։ Վերջապես, ճանկեց յուր թանձր մազերը, կանգնեց սեղանի մոտ և կարմրած աչքերը հառեց լամպարի լույսին։ Չգիտեմ ինչու, միշտ նրա աչքերը ձգտում էին դեպի լույս։ Նա սիրում էր նայել արեգակի շողերին, լամպարի լույսին, վառարանի կրակին... Եվ այդ լինում էր մանավանդ այն միջոցներին, երբ նրա մտքերը պղտորված էին, նրա հոգին խռովված էր...

Ես տանջվում էի իմ անզորությունից, որովհետև չգիտեի՝ ինչով մխիթարել մարմնացած տանջանքը։

Լռությունը տևեց երկար։ Ես անցուդարձ էի անում, նա շարունակ կանգնած էր։ Հանկարծ, շրթունքները կրծոտելով, գլխարկը մի ձեռքով խփեց մյուս ձեռի ափին, շուռ եկավ և, առանց ինձ հրաժեշտ տալու, արագ քայլերով դուրս գնաց...

Մանդոլինան մնաց սեղանիս վրա կարծես վշտացած, որ դարձյալ իրան մոռացան... Չէ՞ որ Լևոնը եկել էր նրան տանելու, որ վաղը նվագի շոգենավի վրա..․

Ինձ պաշարեց զղջման զգացումը. ինչո՞ւ այդպես շուտ և անզգույշ հայտնեցի նրան լուրը։ Ով գիտե՝ ուր վազեց և ինչ կարող է անել։ Երկու անգամ բարձրացա վերև և, դրսից լսելով նրա ձայնը, հանգստացա, հետ եկա: Սկսեցի ինձ