Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՛յ նորություն․․․ պետք է շնորհավորել..․

— Այո՛, պետք է շնորհավորել,— կրկնեցի ես, ձևանացնելով իբր թե չեմ նկատում նրա հուզմունքը։

— Կավալլարոն լավ մարդ է, ազնիվ է,— ասաց նա դողդոջուն ձայնով, շրթունքները կրծոտելով։

— Այնքան ազնիվ, որ Լուիզան չարժե նրան։

— Սինյոր...

— Չարժե, չարժե,— կրկնեցի ես, վրդովվելով անմեղ իտալուհու դեմ:

— Լուիզան բարձր է... Լուիզան... հրեշտակ է...

Այլևս նա չկարողացավ իրան պահել, գլուխը դրեց սեղանին ու սկսեց հեկեկալ այնպես ուժգին, որ թվում էր, թև նրա մարմինը կտոր-կտոր է լինում:

Ես զգացի անզուսպ ատելություն դեպի Լուիզան. կարծես նա ինձ հասցրել էր բարոյական ծանր վիրավորանք: Սկսեցի անխնա և միանգամայն անարդար պախարակել մի էակի, որ իսկապես արժանի էր սիրո և հարգանքի: Նկարագրեցի նրա աննշան թերությունները խոշորացույցով մեծացրած, հնարեցի չեղած թերություններ: Լսելով ինձ, կարելի էր կարծել, թե չկա աշխարհի երեսին և չի եղել ավելի անբարտավան, ավելի հիմար և նույնիսկ ավելի տգեղ ու հակակրելի աղջիկ, քան Լուիզան։ Եվ այս բոլորը Լևոնին հիասթափեցնելու համար: Ես ջախջախում էի նրա կուռքը, ձգում նրա ոտների տակ, որպեսզի ոչնչացնեմ նրա սրտում խորին հավատը։ Այնինչ գիտեի, որ այդ կուռքը ոչնչով մեղավոր չէ յուր մոլեռանդ երկրպագուի առջև։ Նա գուցե չէր էլ երևակայել, որ յուր պարզ, ընկերական վարմունքը կարող է մի պատանու սրտում աոաջացնել այդքան հասուն, այդքան խոր և ջերմ զգացում...

Սակայն Լևոնն ավելի մեծահոգի և վեհանձն էր, քան կարող էի երևակայել։ Նրա կեղեքվող կրծքի դառն հեծկլտանքի հետ դուրս էին գալիս միայն այս բառերը.

«Լուիզան պակասություն չունի... Լուիզան հրեշտակ է...»։

Եղել են մոլեռանդներ, որոնք կրակի միջից իրանց այրվող ձեռները պարզել են դեպի վեր, աղոթել աստծուն, որի