Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեգնությամբ,— ո՛չ, բարեկամ, դու կեղծում ես։ Դու սարսափով կամ զզվանքով ես մտաբերում այն չորսուկես տարիները, որ անցուցել ես կես-քաղցած ու կես-կուշտ փորով։ Ախ, շատ անգամ է մեր ինքնասիրությունը խոցոտվել հարուստ ընկերների շրջանում, մինչդեռ երկուսս էլ հոգով ու մտքով մղվել ենք հենց այդ շրջանը։ Դու քո չինովնիկ հորից ստանում էիր ամսական երեսուն ռուբլի, ես իմ միլիոնատեր փեսայից, ոչ ավելի։ Աղքատ լինելով, երկուսս էլ ատում էինք աղքատությունը չքավորի բոլոր անզոր ատելությամբ, որովհետև միշտ երազում էինք մայրաքաղաքյան կյանքի խելառ հաճույքների մասին։ Եվ միշտ ստիպված էինք սանձահարել մեր ախորժակը դառն մտատանջությունների և կծու հառաչանքների գնով։ Երևակայությամբ գեղասեր — հազիվ ամիսը երկու անգամ գնում էինք մեծ թատրոնների վերնահարկը, ուսկից բեմն երևում է շախմատի տախտակի, իսկ դերասանները նրա ֆիգուրների չափ։ Եվ ինչո՞ւ թաքցնել․ այդ բարձրությունը մեզ շատ անգամ ավելի է վշտացրել, քան մարդկային հոգու ցածությունը։

Որքա՜ն ջանք են գործ դրել իրենց մունդիրի կոճակների վրա ժանգ և կոշիկների վրա կարկատան չտեսնելու համար, որքա՜ն աշխատել են վերարկվի մաշված օձիքները հարուստների մոտ թաքցնելու համար։ Եվ կոճակները մաքրելով անգիտակցաբար նրանց ժանգը փոխադրել են իրանց հոգու վրա, ուր հետզհետե զորանում էր մի անտանելի զգացում — աղքատի տանջող նախանձը դեպի հարուստը։ Ճշմարիտ է, նրանք կարողացել են ուրիշներից թաքցնել այդ զգացումը, որպեսզի չտեսնեն չքավորների ամբարտավան արհամարհանքը և հարուստների վիրավորական կարեկցությունը, բայց որպիսի հոգեկան տանջանքներով։

— Այդ կողմից դու ինձանից ավելի խելոք և ավելի տակտով էիր,— շարունակեց Մերսիմյանը, դանակի ծայրից ընկերոջ գավաթի մեջ բաց թողնելով անանասի շերտը։ — Խառնիր գդալով և շամպայնդ նորից կփրփրե։ Այո, ավելի խելոք և ավելի տակտով։ Դու այժմ էլ այդպես ես։ Ինչ եմ ասում, դու ինձ շատ ես հետ թողել խելքով։ Ա, դու ծիծաղո՞ւմ ես համեստությամբ։ Բայց լսիր, ես ուզում եմ մի թեթև