Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վայելքներից և ապրել շինական իդիլիայով։ Դու սիրահարված ես, դու, հա՜, հա՜, հա՜․․․

— Մերսիմյան,— ասաց Նազիմյանը, նայելով ընկերոջ խորամանկ աչքերին, որոնց մեջ նկատում էր մի նենգ դիտավորություն,— ի՞նչ է նշանակում այդ կոմեդիան, ի՜նչ ես ուզում ասել։

— Համբերիր, կիմանաս։ Էյ, սպասավոր, բեր դարձյալ մի շիշ և անանաս, շո՛ւտ։

— Ես այլևս չեմ խմելու։

— Կխմես, պետք է խմես, ես զուր չեմ բերել քեզ այստեղ։ Գործ ունեմ, շատ կարևոր գործ։ Դու զարմանո՞ւմ ես, աչքերդ հառում ես երեսիս։ Է՜յ, սպասավոր, թող անանասը, ես ինքս կկճպեմ ու կկտրեմ։ Դե, կորիր։ Այդպես։ Այժմ ոչ ոք մեզ չի խանգարիլ անկեղծ լինելու։ Գոնե մի օր, մի ժամ, կես ժամ։ Տասներկու տարվա ընկերներ ու բարեկամներ ենք, սատանան տանի, մի՞թե չպիտի գեթ մի անգամ նայենք միմյանց հոգու խորոը։ Լսիր, Արշակ, որովհետև խնդիրը լուրջ է, ուրեմն իրավունք կտաս ինձ մի փոքր հեռվից սկսել։ Ձգենք նախ և աոաջ մի թեթև հայացք մեր անցյալի վրա։

Անձեռոցիկով սրբելով իր հաստլիկ հյութալի շրթունքները, Մերսիմյանը արմունկները հենեց սեղանի եզրին և շարունակեց։ Նա հիշեց ուսանողական օրերը, հիշեց ինը ռուբլիանոց սենյակները և երեսուն կոպեկանոց ճաշերը մայրաքաղաքի էժանագին կերակրատներում, որոնք «ընտանեկան սեղանատուն» անվան տակ են մտնում, որպեսզի ավելի դյուրին փչացնեն չքավոր ուսանողների ստամոքսը։ Հիշեց ընկերական ժողովները, «ազատամիտների» և «սոցիալ-դեմոկրատների» պայքարը։ Նրանք ազատամիտներից էին։ Նա չմոռացավ հիշել և երիտասարդ աղախինների գիշերային գազանի այցերը, կար անող կանանց չքավոր կացարանները հինգհարկանի տների կտուրների տակ և կիսաթառամ տանտիրուհիների խանդավառ արցունքները հրաժեշտի պահերին։

— Այո, քաղցր են ուսանողական կյանքի հուշերը,— գոչեց Նազիմյանը, որի վրա մի քիչ ազդել էր շամպայնի երրորդ գավաթը։

— Քաղցր են,— կրկնեց Մերսիմյանը կծու