Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լրանում է վաղը չէ մյուս օրը, մյուսինը — հինգ օրից հետո...

— Գիտեմ, լրանում է, բայց քե՞զ ինչ։

— Ես Մարկոսյանի լիազոր հավատարմատարն եմ։ Մերսիմյան, դու կարող ես գնալ իմ հարսնացուին իմ մասին պատմել ինչ որ քեֆդ է, բայց լարել նրան իմ դեմ չես կարող։ Գալով նրա հորը, այդ մենք կփորձենք, ծերունին մեզնից որին է հավատում, քեզ թե ինձ։ Իսկ այժմ լսիր. դու քո բոլոր մուրհակները պետք է մինչև վերջին կոպեկը վճարես: Հետևաբար վաղը չէ մյուս օրը 12 ժամին ես քեզ կսպասեմ գրասենյակում։ Դու կբերես հինգ հազար ռուբլի և մուրհակդ հետ կստանաս։ Դեհ։ Շամպայնի փողը ես կվճարեմ։

Նա քայլերն ուղղեց դեպի դռները և դուրս գնաց։

Ոտքի թռնելով, Մերսիմյանը մնաց տեղն ու տեղը անշարժ։ Հի՛նգ հազար ռուբլի։ Ինչպե՞ս, որտեղի՞ց։ Նրա դրամարկղում կա ընդամենը երեք հարյուր ռուբլի... և ոչ ոքից ստանալիք կամ հույս ստանալու։

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Հետևյալ օրը Մերսիմյանը ժողովարան գնաց սովորական ժամանակից երկու ժամ առաջ։ Նա ուզում էր այնտեղ հանդիպել Նազիմյանին, որ չէր սիրում երկար մնալ ժողովարանում, չունենալով թուղթ խաղալու սովորություն։ Այն հանգամանքը, որ Նազիմյանը այժմ Մարկոսյանի լիազոր հավատարմատարն է, տակնուվրա արավ Մերսիմյանի մտքերը։

— Ուրեմն վաղը անպատճա՞ռ պիտի վճարեմ մուրհակս,— հարցրեց նա, Նազիմյանի թևից բռնելով և մի կողմ տանելով։

— Կարծում եմ։

— Ես փող չունեմ, պետք է մուրհակը նորոգել։

— Տեսնվե՞լ ես փեսայիդ հետ։

— Նրա մոտից եմ գալիս։

— Հրամայե՞ց նորոգել։