Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ոչ։

— Ի՞նչ ասաց։

— Որ այսուհետև ինքն այլևս գործերով չի զբաղվելու և ամեն ինչ քեզ է հանձնել։ Խնդրում եմ, պարտքիս վճարումը հետաձգել մի ամսով։

— Ցավում եմ, որ չեմ կարող այդ անել։

— Ուրեմն ուզում ես ինձ նե՞գր գցել։

Նազիմյանը աչքերը լայն բանալով, նայեց ընկերոջ երեսին շինծու զարմացմամբ, որ սակայն շատ բնական թվաց դիմացինին։

— Այդ դո՜ւ ես ասում, բարեկամս։ Երեկ դու չէի՞ր, որ քիչ էր մնում ատրճանակ սեղմեիր ճակատիս։ Թույլ տուր հարցնել, սպառնալիքդ կատարեցի՞ր։

— Կկատարեի, եթե հետևանքի մասին աներկբա լինեի։ Բայց հրապույրդ չափազանց զորեղ է Հելենայի համար։

— Չափազա՞նց մինչև անգամ,— կրկնեց Նազիմյանը ժպտալով,— ինչ հիման վրա ես այդ կարծում։

— Ես Հելենային ենթարկեցի թեթև քննության...

— Ե՞վ․․․

— Համոզվեցի, որ դու նրան ոչ միայն սիրահարեցրել ես քեզ վրա, այլև կախարդել, այո, ուրիշ խոսք դժվարանում եմ գտնել։ Նա քեզանով է ապրում ու շնչում այժմ, քեզ է միայն երազում։ Նա չի հավատալ ոչ մի պարսավանքի․․․

— Բայց չէ՞ որ դու գրավոր փաստ ունես ձեռքումդ․․․ այդ կնոջ նամա կը․․․

— Նա կարհամարհի ամեն ինչ, այնքան կուրացած քեզանով։

— Կարող ես ազդել նրա հոր վրա, եթե արդեն վճռել ես ինձ կործանել։

— Օ՜օ, դու նրան էլ ես խելքից հանել, այդ հիվանդոտ կամակորին։ Նա քեզ համարում է ազնվության տիպար և հավատում է այնպես, որպես երբեք իր կյանքում ուրիշ մեկին չի հավատացել։

— ԷԷ, աշխատիր ուրեմն գործել քրոջդ միջոցով։ Նա կարող է ազդել թե՛ իր ամուսնու և թե՛ աղջկա վրա։