շրջանի մարդկանց ստորություններն առհասարակ նրան ուրախացնում էին։ Այնուամենայնիվ նա ավելացրեց.
— Շունշանորդիներ, խայտառակեցին մեր Բաքվի ազնիվ անունը։
Եվ հետաքրքրվեց գիտենալ` ինչ պատիժ է սպասում գողերին: Նազիմյանը, ուսերը տարակուսանքով վեր բարձրացնելով, խորհրդավոր ժպտաց։
— Հասկացա, հասկացա, — արտասանեց Աղաջանը տեղական վարք ու բարքերը լավ ուսումնասիրված մարդու եղանակով,— հարգս հարգաց, պատիվս արժանավորաց։ Յոթը պատվիրանքը կատարած կլինեն, — ավելացրեց նա ծիծաղելով,— դեհ, մենք ճանաչում ենք մեր պրիստավներին ու քննիչներին։ Ամա ի՛նչ ետ եկածներն են մերոնք. իրանք հրամայում են գողանալ, հետո պրիկաշչիկներին կամ մշակներին են բերան տալիս։
Մի անգամ ևս Մերսիմյանը մտածեց Հեղինեի ապագայի մասին։ Միամիտ օրիորդ, որպիսի սիրով ու հավատով է հառել երջանկությամբ չի աչքերը իր փեսացուի երեսին, ինչպես է աշխատում կարելույն չափ մերձենալ նրան, սեղմվել, չնայելով մոր հանդիմանական հայացքներին։ Պարզ է, որ նա արդեն անդառնալի ձուլվել ու միացել է հոգով ու սրտով Նազիմյանի հետ։ Պարզ է, որ բաժանել նրանց` կնշանակե խորտակել խեղճ աղջկա կյանքը։ Եղավ մի վայրկյան, երբ Մերսիմյանը մոռացավ իր հաշիվները, կամենալով պատռել ընկերոջ դիմակը և ցույց տալ Հեղինեին, թե ում է հանձնում իր ճակատագիրը։ Բայց նայեց ընկերոջ երեսին և սթափվեց։ Արդեն խղճի հետ պայմաններ կապելու սովորությունը վաղուց էր նրա մեջ արյուն ու մարմին դարձել։ Էհ, միևնույն է. Հեղինեն չի հավատալ և եթե հավատա էլ, կների։ Չէ՞ որ նա կին է և սիրահարված կին։ Կների նույնիսկ նրա մայրը, գուցե և հայրը։ Քի՞չ են եղել դեպքեր, որ նահապետական համարված մայրը իր աղջկա թևը բռնած մտցրել է փեսացուի ննջարանը, ուր դեռ սիրուհու անուշահոտ յուղերի բույրը չի չքացել, լավ գիտակցելով, որ վաղ թե ուշ այդ ննջարանում աղի արցունքներ է թափելու աղջիկը իր ամուսնու անցյալի կրկնությունները տեսնելով։ Մի՞թե քիչ