են եղել և կան տղամարդիկ, որոնք չեն քամահրում իրանց կանանց փողերով ավելացնել սիրուհիների թիվը։
Թող կորչի տխմար առաքինությունը, պետք է մուրհակների մասին մտածել։ Վերջապես, կա և մի ուրիշ ոչ պակաս շարժառիթ լռելու— Նազիմյանի սիրուհին շատ գրավիչ է... Նազիմյանը նրան թողնում է և չի կարող չթողնել։ Այդ կինը Նազիմյանին չի սիրում և իսկապես երբեք չի սիրել։ Այսքանը շատ լավ գիտե Մերսիմյանը։ Ոչ, ոչ, դժվար է խելքով մրցել Նազիմյանի հետ։ Պետք է ընկերաբար վարվել, ինչպես վարվել է մինչև այժմ... Երեխա՞ն։ Այդ արդեն Նազիմյանի գործն է։ Նա խելոք է և ոչ այնքան էլ անսիրտ։ Նա կմտածի իր պարտականության մասին։ Փող կա, և նրանով կարելի է բոլոր դժվարությունները դյուրացնել։ Իսկ երբ երեխայի ապահովության հարցը լուծվի — մա՞յրը... Եվ իսկապես նա շատ գեղեցիկ է... Այսօր Մերսիմյանը նրա մոտից դուրս գալիս զգաց, որ չի կարող գտնել մի ավելի սիրունը ավելի հաջող պայմաններով... Զգաց նաև, որ գեղեցկուհու աչքերը նայեցին իրան ավելի քան երախտագիտությամբ։ Օօ, կանայք, կանայք, բավական է մի անգամ սայթաքվեք, և արդեն գլխիվայր գլորվում եք անդունդը։ Այսօր մեկը, վաղը նրա ընկերը...
Նազլուն խոսք բաց արավ հարսանիքի մասին։ Մի կարևոր խնդիր դեռ վճռված չէր։ Նազլուն ուզում էր երկու տեսակի խրախճանք տալ — մեկն ասիական երաժշտությամբ Աղաջանի ազգականների և «ասիացի» բարեկամների, մյուսը եվրոպական երաժշտությամբ` «բարձր» դասակարգի համար։ Նա արհամարհում էր իր շինական ամուսնու ազգակցական կապերը։ Լինելով ինչ-որ մասնավոր փաստաբանի աղջիկ, համոզված էր, թե իր իբր ազնվական տոհմի դեմ մեղանչել է, որ թույլ է տվել իրան ամուսնանալու մի նախկին գործակատարի հետ։ Այս էր պատճառը, որ ամուսնու անվերջ նախատինքները նրա վրա ոչ մի ներգործություն չէին ունեցել։ Նա արհամարհում էր այդ նախատինքները որպես մի շինականի գռեհկության բնական արտահայտություն։ Նա միշտ կռվում էր ամուսնու հետ իրենց կենցաղավարության մասին և միշտ հաղթող էր հանդիսանում։