Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բայց գոնե խնդիրս կատարվա՞ծ է։

— Այդ է հետաքրքրականը։ Այո, համարյա թե կատարված է։

— Այդ դեպքում թքում եմ այդ մարդու նախատինքների վրա։ Շնորհակալ եմ, բարեկամս, դու ինձ ազատում ես կործանումից...

— Դեռ ոչ. մի՛ շտապիր։

Մերսիմյանը ցնցվեց, կանգ առավ մայթի վրա և նայեց ընկերոջ երեսին։

— Ես իմ ընկերական պարտականությունը կատարեցի,— ասաց Նազիմյանը, ձեռը դնելով նրա ուսի վրա,— այժմ հերթը քոնն է։

— Հրամայիր։ Վաղվա օրն ինձ համար այնքան սպառնողական է, որ պատրաստ եմ կատարել քո բոլոր պայմանները։

— Իմ պայմանը քեզ հայտնի է։ Ասա խնդրեմ, ինչպե՞ս ես հավանում իմ... սիրուհուն... նախկին սիրուհուն... Կարծեմ, էլիզը բավական սիրուն է, էէ՞... Ափսոս մթան մեջ լավ չեմ տեսնում աչքերդ, նրանց մեջ կարող էի կարդալ իմ հարցիս պատասխանը։ Բայց ոչինչ, ես արդեն գիտեմ ամեն բան։ Համոզված եմ, որ ոչ միայն չես վիրավորվիլ, այլև գուցե... Դե լավ, շատ էլ մի՛ նեղվիր։ Կառք նստիր և իսկույն գնա նրա մոտ։ Տուր նրան սիրտդ և բեր ինձ համար ազատություն: Սուս, ոչ մի խոսք. ես այսօր ճաշից հետո ամեն բան իմացա։ Այո, այո, նա քեզ շատ է հավանում, ինձնից միայն երեխայի ապահովությունն է պահանջում։ Ես խոստացել եմ, մնում է քանակությունը որոշել։ Ես սակարկություն սիրողներից չեմ։ Քեզ եմ լիազորում որոշել, բայց շատ էլ շռայլ չլինես... Համաձա՞յն ես։

Մերսիմյանը ոչինչ չասաց։

Լռությունն այս դեպքում կատարյալ համաձայնություն է։ Է՜յ, կառապան, սպասիր։ Դեհ, նստիր ու շտապիր։ Ես քեզ կսպասեմ կլուբում: Երեկ ճաշեցինք կռվելով, այսօր կընթրենք բարեկամաբար։

Նա գրկեց Մերսիմյանին ընկերաբար և մոտեցրեց կառքին։